Արդեն 5-րդ նախագիծն ենք քննարկում ՍԴ հարցի լուծման համար. սա վերջի՞նն է. Թովմասյան
«2019 թվականից մինչ օրս ՍԴ ճգնաժամի հարցը կարգավորելու համար 5-րդ հարցն ենք քննարկում։ Արդյո՞ք սա կարող ենք համարել վերջին նախագիծը, թե՞ առաջիկայում այլ փոփոխություններ էլ են լինելու»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ Ս. Գրիգորյանը ներկայացնում էր «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Պատասխանելով Թագուհի Թովմասյանի հարցին՝ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ՍԴ-ում եղած ճգնաժամը կարգավորելուն ուղղված երրորդ գործողությունն է իրականացվում խորհրդարանում։
«Առաջինը վաղ կենսաթոշակի ինստիտուտի ներդրումն էր, երկրորդը՝ հանրաքվեն, իսկ երրորդը՝ խորհրդարանում քննարկված սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Ես կարծում եմ, որ ՍԴ-ում առկա ճգնաժամը մեծապես կլուծվի, միևնույն ժամանակ չեմ բացառում, որ ՍԴ ամբողջական լեգիտիմության ապահովման համար կարող է կրկին ՍԴ-ին անդրադարձ լինել»,- պատասխանեց պատգամավորը։
Արձագանքելով՝ Թ. Թովմասյանը նշեց՝ այս պահին ՍԴ դատավորներ կան, որոնք գնացել են արձակուրդ, որքանո՞վ է այդ հանգամանքը իրավաբանորեն խոչընդոտում գործընթացի լիարժեք իրականացմանը։
Ս. Գրիգորյանն էլ պատասխանեց՝ «ՍԴ մասին» օրենքով կարգավորվում է թե՛ վճարվող, թե՛ չվճարվող արձակուրդի իրավունքը, և դա որևէ կերպ չի կարող խոչընդոտել այս գործընթացի կյանքի կոչմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ հերթականությամբ և ե՞րբ են առաջադրվելու ՍԴ դատավորները
- Աշոտ Խաչատրյան. Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող. 168.am
- «Քաղաքացիական գիտակցություն». 89 քաղաքացիները կատարել են առերևույթ հանցագործություն
- 89 պատգամավոր կորոշի ՍԴ ճակատագիրը. մեկնարկել է ԱԺ արտահերթը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան