Գագիկ Ջհանգիրյանը համապատասխանում է ՍԴ դատավորի համար եղած պահանջներին. Նիկոլայ Բաղդասարյան
«Այլ մարդ չէր կարող համարվել ՍԴ նախագահի պաշտոնակատար, քանի որ նշված է՝ տարիքով ամենամեծ դատավորը պետք է համարվի պաշտոնակատար, մինչև նախագահի ընտրությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանի հայտարարությանը, թե ինքը անշուշտ չի համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող։
Նրա խոսքով, Սահմանադրությամբ ամրագրվել է, որ ՍԴ դատավորներից երեքի պաշտոնավարման ժամկետները սպառվել են, և Սահմանադրության փոփոխությունների հիմնավորմամբ ամեն բան ներկայացված է. «Մենք որպես պատգամավորներ արձանագրել ենք, թե որ դատավորների լիազորություններն են դադարում»։
Դիտարկմանը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը արձակուրդում էր, երբ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուժի մեջ մտավ, արդյո՞ք դա որևէ իրավական խոչընդոտ չի առաջացնի, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես ՍԴ նախագահ դադարում են։
«Մենք կողմ ենք քվեարկել մի փաստաթղթի, որում արձանագրված է՝ Հրայր Թովմասյանը որպես ՍԴ նախագահ դադարում է լիազորություններ ունենալ։ Նշված է նաև, որ Ալվինա Գյուլումյանի լիազորություններն են դադարում՝ որպես ՍԴ դատավոր»,- նշեց Ն. Բաղդասարյանը։
Հարցին, թե արդյո՞ք խնդրահարույց չէ Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակն՝ ուղղված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որում Ջաննի Բուքիքյոն նշել էր՝ ՀՀ խորհրդարանն ամբողջությամբ չի ընդունել հանձնաժողովի առաջարկությունները, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց՝ ԶԼՄ-ները սխալ էին թարգմանել Ջ. Բուքիքյոյի նամակը.
«Նա ասել էր, որ իրենց առաջարկություններն ամբողջությամբ չեն ընդունվել, իսկ մամուլում նշված էր՝ իրենց հանձնարարությունները չեն ընդունվել։ Տվյալ կառույցը խորհրդատվական բնույթ ունի, և բազմաթիվ պետություններ ամբողջությամբ չեն ընդունում Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները»։
Պատգամավորի մեկնաբանմամբ, Վենետիկի հանձնաժողովի առաջարկում նշված է եղել, որ մինչև նոր դատավորների նշանակումը լիազորությունները կորցրած դատավորները շարունակեն պաշտոնավարել։
«Սակայն այդ խնդիրը բացարձակ չկար, քանի որ այս ընթացքում ՍԴ կայունությունը չի խաթարվում։ ՍԴ-ն շարունակում է գործել՝ ունենալով վեց դատավոր։ Այդ առումով տեսել ենք, որ հանձնաժողովի առաջարկը տրամաբանական չէ։ Եվ դատարանի վարույթում եղած գործերն էլ ուղղակի կվերամակագրվեն այլ դատավորի վրա։ Այստեղ որևէ խնդիր ՍԴ-ն չուներ»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։
Դիտարկմանը, որ այսօր ՍԴ-ում աշխատակարգային նիստ չի եղել, քանի որ քվորում չի ապահովվել, և հանգամանքը շատերը դիտարկում են որպես ՍԴ իրական ճգնաժամ, պատգամավորն արձագանքեց՝ դատավորները հերթական արձակուրդում են։
«Ճգնաժամ կլիներ, եթե գործող դատավորների թիվը չբավարարեր՝ նիստ գումարելու համար։ Այդ դեպքում կառավարությունը կառաջարկեր իր թեկնածուին ու ճգնաժամը կվերանար»,- ասաց պատգամավորը։
Հարցին, որ որպես ՍԴ անդամ՝ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության մասին է գրում մամուլը, արդյո՞ք նա համապատասխանում է այդ պաշտոնին, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց.
«Տարիքային ցենզ կա, որ պետք է 40 և բարձր տարիք ունենա ՍԴ անդամը, նա համապատասխանում է այդ պահանջին։ Նա նաև ունի բարձրագույն կրթություն, այսինքն՝ համապատասխանում է պահանջներին, այլ հարց է՝ նրան կառաջադրե՞ն, թե՞՝ ոչ։ Նորմալ է, որ մարդկանց լիազորությունները դադարում են, և նրանց փոխարեն նոր մարդկանց են բերում»,- եզրափակեց խոսքը Նիկոլայ Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արդեն 5-րդ նախագիծն ենք քննարկում ՍԴ հարցի լուծման համար. սա վերջի՞նն է. Թովմասյան
- Ի՞նչ հերթականությամբ և ե՞րբ են առաջադրվելու ՍԴ դատավորները
- Բուքիքիո. Ցավում եմ՝ Սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին
- Ինչո՞ւ իշխանությունը չի ընդունել Վենետիկի հանձնաժողովի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան