Արթուր Դավթյան. Կանգնած ենք կոռուպցիոն հանցավոր կայուն սխեմաները կազմաքանդելու գործընթացի կիզակետում
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ։ Նա դատախազության աշխատակիցներին, վերետաններին մաղթել է անձնական և գործնական հաջողություններ ու ձեռբերումներ, պատվաբեր ծառայություն՝ ի շահ հայոց պետականության հարատևության, նրա լուսավոր ու պայծառ ապագայի։
Շնորհավորական խոսքում, որը հրապարակվել է դատախազության էջում, մասնավորապես ասված է.
«Չպետք է լինի որևէ տարակույս, որ սոցիալական արդարության վերականգնման այս գործընթացում դատախազությունը լինելու է աներեր ու վճռական։ Մեր մտավոր ռեսուրսները, կամքը և ինստիտուցիոնալ կայացվածությունը ավելի քան բավարար են դրա համար։
Մենք կանգնած ենք ամենատարբեր ոլորտներում կոռուպցիոն հանցավոր կայուն սխեմաները կազմաքանդելու անշրջելի գործընթացի կիզակետում։ Որևէ անհատ, հասարակական կամ քաղաքական միավոր, պետական որևէ ծառայող չպետք է ունենա սքողված կամ անսքող հանցավոր որևէ հավակնություն ինչպես պետական ու հանրային ռեսուրսների, լծակների յուրացման, այնպես էլ պետության ներքին ու արտաքին անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու հարցում։ Նման փորձերի դեպքում պետությունը չի հապաղելու ողջ ծանրությամբ գործադրել իր պատժիչ բռունցքը։
Նույնպիսի հետևողականությամբ մենք չենք հանդուրժելու նաև մեր համակարգում դատախազի վարկը, կերպարը, ուսադիրի պատիվն արատավորող հանցավոր որևէ դրսևորում, որովհետև առաջին հերթին մեր օրինակով ենք փաստելու նոր, առողջ, անվտանգ միջավայրի ամրապնդման անայլընտրանք լինելու իրողությունը։
Հասարակական հարաբերությունների կարգավորման միակ լեգիտիմ միջոցը իրավական համակարգն է: Օրինապահ, քաղաքացիակենտրոն հասարության կերտման մեր ընդհանուր ճանապարհին հանցավոր ենթամշակույթի բարքերը, կանոնները պետք է ոչնչացվեն արմատից, և այդ պայքարում մնում ենք դրոշակակիր՝ կանգնած առաջնագծում իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված։
Այս չարիքների դեմ հայտարարված պատերազմում մենք հաղթելու են՝ որպես զենք ունենալով մեր պրոֆեսիոնալիզմը, խիղճը, արդարամտությունը, բարոյականությունը և մեր ժողովրդի վստահությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան