Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը հաղթել է World Folk Vision-ում
Քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, «Տաղարան» համույթի երաժիշտ Մարիաննա Գևորգյանը դարձել է World Folk Vision մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում։ anmmedia.am-ի հաղորդմամբ, մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում էր 115 երկրից 3950 երաժիշտ, եզրափակիչ փուլ էր անցել 100-ը։ Ռուսաստանը ներկայացնող դուդուկահար Խոսրով Մանուկյանը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի առցանց քվեարկության արդյունքում։
World Folk Vision-ի խորհրդի նախագահ Վ․ Պիսկուրևը քանոնահարուհուն բնութագրել է որպես վառ տաղանդի ներկայացուցչի, որն իրեն նվիրել է արվեստին, բացառիկ վարպետությամբ և արտիստությամբ գերել է աշխարհի ամենամեծ մշակութային մրցույթի երկրպագուներին և իր ավանդն է ներդնում հայկական մշակույթի տարածման համար։