Մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը
Մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը: Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը։
«Դե ինչ, գալիք երկու ամիսների ընթացքում հարյուրավոր երիտասարդներ՝ մեկը մարզիկ, մեկը երաժիշտ, մյուսը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու կզինվորանան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը։
Արժանապատիվ և բարի ծառայություն, տղաներ»,-գրել է նա ու մի քանի լուսանկարներ հրապարակել։
Հիշեցնենք, որ հակահամաճարակային պայքարի շրջանակում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեծաքանակ թեստեր և նմուշառման պարագաներ է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին, որոնցով 2020 թվականի ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կթեստավորվեն։
Հունիսի 17-ին նվիրաբերված պարագաները փոխանցվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը:
Զորակոչիկները թեստավորվելու են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, որի նպատակը իմունոգլոբուլինների (հակամարմինների) հայտնաբերումն է։ Ախտորոշման գործընթաց է տևում է մոտ մեկ ժամ։