«Լորիկ» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի
Նյու Յորքում անցկացվող SR Socially Relevant Film Festival 2020 առցանց մրցանակաբաշխությունը հայտարարել է մրցանակակիրների անունները: prlog.org կայքից տեղեկանում ենք, որ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Հայաստանից ներկայացված ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի:
2018 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր» շարքում։ Ֆիլմում նկարահանվել է Միքայել Պողոսյանը, Իրեն Այվազյանը, Շաքե Թուխմանյանը, Եվգենիա Դմիտրիևա և ուրիշներ։
Ֆիլմը պատմում է Լոուրենս Օլիվիեի անվանակից տարօրինակություններով լի դերասան Լորիկի մասին՝ ներկայացնելով ոչ միայն մեկ դերասանի, այլ նաև մարդկանց կյանքի նկարագիրը՝ բարդություններով, խնդիրներով, ուրախություններով, գայթակղություններով, լացով, ծիծաղով՝ տրագիկոմեդիկ:
Լորիկը փողոց է դուրս գալիս թատերական հագուստով՝ առաջացնելով ծաղր ու զարմանք: Մարդիկ հեգնանքով են նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ: Նա նույնիսկ չի նկատում, որ հարազատ թատրոնն այլևս հանդիսատես չունի և փակվելու շեմին է: Նրան չի ջերացնում անգամ տնտեսուհի Աննայի անկեղծ սերը. Լորիկն ապրում է միայն իր հերոսների հույզերով:
Հասարակությունը զբաղված է հանապազօրյա հաց հայթայթելով, նորագույն տեխնոլոգիաները գերիշխում են կյանքում՝ մարդկանց զրկելով հոգևորից: Թատրոնը փակվելուց հետո շոկի ենթարկված Լորիկի հետ հրաշք է տեղի ունենում. նա սկսում է տեղափոխվել այլ մարդկանց մարմիններ, այնպես, ինչպես նախկինում սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում: Նա մեկ հայտնվում է հարբեցող հարևանի մարմնում, մեկ էլ՝ վերածվում նախագահի թեկնածուի, մերթ նա գեղեցիկ կին է, մերթ էլ՝ մահվան շեմին հասած երեխա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան