Հալեպում հայ սակրավորները մեկ ամսում ականազերծել են 2450 քմ տարածք
Հունիսին Հալեպում հումանիտար առաքելություն իրականցանող 5-րդ խմբի սակրավորները ականազերծել են 2450 քմ ականապատ տարածք, հայտնաբերել են երեք ՎՕԳ-17 ական, ինչպես նաև՝ ինքնաշեն պայթյունավտանգ առարկաներ: Նման տվյալներ է հրապարակել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 185 209 քառակուսի մետր տարածք, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քառակուսի մետր տարածք:
Հայաստանի մարդասիրական 5-րդ խմբի բժշկական խումբը համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերել 646 տեղաբնակի: Այսպիսով՝ 2019 թվականի փետրվարից մինչև այսօր բուժօգնություն է ցուցաբերվել 13 772 հիվանդի:
Մարդասիրական խմբի մշտական տեղակայման ամբողջ տարածքում շարունակվում են ամենօրյա ախտահանման աշխատանքները: Թեև Հալեպում առկա են պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներ և դժվարություններ՝ մարդասիրական խումբը բարձր մակարդակով շարունակում է իր առաքելությունը։
Հիշեցնենք, որ հումանիտար ականազերծողների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը Սիրիա է մեկնել հունիսի 16-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հայ սակրավորները 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել Սիրիայում
- Սակրավորներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ