Արսեն Առաքելյան. ՀՀ-ում այս պահին չկա բավականաչափ հագեցած գիտահետազոտական ենթակառուցվածք
«Հայաստանը մարդկային առումով ներուժ ունի, ամենամեծ խնդիրը նյութատեխնիկական բազայի բացակայությունն է»,- ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե համավարակի ընթացքում ի՞նչ խնդիրներ վերհանվեցին, որոնք առկա են Հայաստանի գիտական ոլորտում։
Նա նշեց, որ Հայաստանում փորձառու, երիտասարդ գիտաշխատողների մեծ խումբ կա, որոնք ունեն հետազոտությունների մեծ փորձ, վերապատրաստվել են արտասահմանյան տարբեր կենտրոններում, սակայն նյութատեխնիկական բազայի բացակայությունը խնդիրներ է ստեղծում։
Արսեն Առաքելյանի խոսքով, հետազոտողները խնդրի առաջ են կանգնում նաև «Գնումների մասին» օրենքի ընթացակարգերի պատճառով, որը թույլ չի տալիս արագ արձագանքել ու արագ ձեռք բերել նյութերը, որոնք հարկավոր են։
«Դրա համար հետազոտությունը ձգձգվում է, ժամանակ ենք ծախսում՝ սպասելով այդ բոլոր ընթացակարգներն անցնելուն»,- ասաց նա։
Ա. Առաքելյանի խոսքով, կառաջարկվի COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհրդին բարձրաձայնել «Գնումների մասին» օրենքի հետ կապված հարցը՝ փորձելով գտնել լուծումներ հենց գիտական հետազոտությունների հետ կապված գնումների ոլորտում։
«Բայց ամենակարևորն այն է, որ Հայաստանում այս պահին չկա բավականաչափ հագեցած գիտահետազոտական ենթակառուցվածք, որը թույլ կտա իրականացնել հետազոտություններ՝ սկսած վիրուսի մոլեկուլային մեխանիզմներից, ավարտած դեղամիջոցներով և պատվաստանյութերով»,- ասաց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը։
Նա ընդգծեց, որ աշխատանքների ցածր ծավալը կապում է միայն ֆինանսավորման ու ենթակառուցվածքի անբավարարության հետ։
Ինչ վերաբերում է COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհրդի գործունեությանը, Ա. Առաքելյանն ասաց, որ առաջին նիստն արդեն կայացել է. «Խորհրդի հիմնական նպատակն է, օգտագործելով ստեղծված իրավիճակը, գնահատել, թե ինչ ռեսուրսներ են հարկավոր Հայաստանին, որպեսզի հետագայում նմանատիպ իրավիճակներում կարողանա արձագանքել գիտական հետազտությունների տեսակետով, ինչպես կարող է գիտական ոլորտն աջակցի կառավարությանն իր որոշումներն ընդունելու մեջ»։
Նրա խոսքով, ներկայումս խորհուրդը երկու ուղղությամբ է զբաղվում՝ ինչ գիտական ներուժ կա այս պահին, որն ուղղվի Covid-19-ի դեմ պայքարին, երկրորդ՝ ինչ ներուժ է պետք Հայաստանին հետագայում նմանատիպ համավարակների դեմ ավելի համակարգված ու արդյունավետ պայքարելու համար։
Ա. Առաքելյանն ասաց, որ խորհուրդը համագործակցում է ԵԱՏՄ-ում, նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում նմանատիպ խորհուրդների, գիտնականների հետ, որոնք ներգրավված են կորոնավիրուսի դեմ հետազոտություններում։
Ըստ նրա, համագործակցության շրջանակներն են՝ փորձի փոխանակում, ներուժի գնահատում, նաև խորհրդատվություններ, թե ինչպես նմանատիպ իրավիճակներում ավելի ճիշտ կազմակերպել գիտական աշխատանքները։
Ա. Առաքելյանը հայտնեց, որ Եվրամիությունը 1 միլիարդ եվրոյի գիտահետազոտական մրցույթներ է հայտարարել ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին, որոնց մի մասին իրենք էլ ծրագրեր են ներկայացրել, մի մասին ոչ, քանի որ զբաղված են եղել։
Նրա խոսքով, հայկական տարբեր գիտական կազմակերպություններ, բուհեր ներկայացրել են ծրագրեր, պետք է սպասել արդյունքներին։
Հարակից հրապարակումներ`
- Հայ գիտնականները ստացել են միացություններ, որոնք հնարավոր է կարողանան ճնշել վիրուսի ներթափանցումը բջիջ
- Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը` կորոնավիրուսոտ տարածքների ախտահանման միջոց
- Հայ գիտնականները աշխատում են օզոնատորների արդիականացման վրա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան