Դավիթ Սանասարյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ քննվում է ՊՎԾ՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կոմից իննամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի կարճման որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի ներկայացված բողոքը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Էրեբունու քննչական մարմնի քննիչի կողմից կարճվել էր Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու հետ կապված գործը։
Նիստի ընթացքում տուժողի ներկայացուցիչ Տ. Աթանեսյանը նշեց, որ փորձաքննության եզրակացությունը բավարար չափով պարզ և ամբողջական չէ, ուստի անհրաժեշտ է նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ այլ փորձագետի կողմից։
Նա պնդեց, որ փորձագետի կողմից օգտագործված ելակետային տվյալներն ամբողջական չեն։
«Ավտոմեքենայի արագության վերաբերյալ տվյալը վերցված է վարորդ Դ. Սանասարյանի՝ որպես վկա տված ցուցմունքիեց՝ 10-15 կմ/ժ արագություն, բայց քրեական գործում առկա է վարորդի բացատրությունը, որտեղ նշված է՝ ավտոմեքենայի արագությունը եղել է 5-7 կմ/ժ։ Այդ պայմաններում փորձագետի կողմից եզրակացության հետազոտական մասում կիրառված բանաձևը կունենա այլ արդյունք»,- նշեց տուժողի ներկայացուցիչ։
Բացի այդ, Տիգրան Աթանեսյանի խոսքով, փորձագետը նշել է, որ վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոմոբիլը դուրս է եկել կամարանցումից, սակայն վրաերթի դեպքի վայրի զննությամբ կատարված արձանագրության համաձայն՝ վրաերթը տեղի է ունեցել կամարանցման եզրին։
«Փորձագետը նաև նշել է, որ տվյալ իրադրության համար կիրառելի է ՃԵ կանոններին 67-րդ կետը, մինչդեռ ակնհայտ է, որ տվյալ կամարանցումով մուտք է արվում բնակելի գոտի։ Ուստի այս դեպքում, միանշանակ, կիրառելի է ՃԵ 119-րդ կետը, ըստ որի՝ բնակելի գոտում հետիոտների տեղաշարժը թույլատրվում է ինչպես մայթով, այնպես էլ երթևեկելի մասով. բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, բայց իրենք չպետք է խոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթևեկությանը։ Տվյալ դեպքում վարորդից պահանջվել է զգոնություն, քանի որ նա մուտք է գործել բնակելի գոտի և գտնվել է սահմանափակ տեսանելիության պայմաններում»,- ներկայացրեց Տ. Աթանեսյանը։
Տուժողի ներկայացուցիչը նաև ասաց, որ փորձագետը տասնամյակների վաղեմություն ունեցող գրականություն է օգտագործել։
Ի պատասխան, գործը քննող քննիչը տեղեկացրեց, որ ամբողջ քրեական գործը տրամադրվել է փորձագետին, վերջինս ուսումնասիրել է քրգործում եղած ելակետային տվյալները, և եթե որևէ հակասություն լիներ, ապա նա համապատասխան միջնորդություն կներկայացներ վարույթն իրականացնող մարմնին։
Նա նաև պնդեց, որ նույն գրականությունն է օգտագործվում ամբողջ աշխարհում, քանի որ ֆիզիկայի օրենքները նունն են։
Բողոքի քննությունը հետաձգվեց, այն կանցկացվի հուլիսի 13-ին, ժամը 10.00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Քրգործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու փաստը
- Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց
- Կարճվել է Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու հետ կապված շորթման գործը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները