ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունիսի 29-30-ն առանձին-առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել տեսակապով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելով տարածաշրջանում հանրային առողջապահության հետ կապված իրադրությունը, ԼՂ հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղ կարգավորման գործընթացի հաջորդ քայլերը: Այս քննարկումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի (PRCIO) անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից։
Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը նպաստող և բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի խթանման ու պահպանման կարևորությունը։ Նրանք դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման գործող ուղիղ կապերը՝ լարվածությունից խուսափելու համար:
Վերահաստատելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ այնուամենայնիվ, համանախագահները մտահոգությամբ նկատել են, որ վերջերս հնչող սադրիչ հայտարարությունները, հրահրող հռետորաբանությունը և տեղում իրավիճակը փոխելուն ուղղված հնարավոր քայլերը կարող են խափանել կարգավորման գործընթացը:
Համանախագահները շեշտել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Նրանք կոչ են արել կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարն ամրապնդելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահները նաև ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո մոնիտորինգային գործողությունների վերսկսման հրատապությունը, երբ պայմանները թույլ տան:
Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին և հանդիպել անձամբ, երբ դա հնարավոր լինի իրականացնել:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններն անթույլատրելի են. Մնացականյան
- Մեկնարկեց Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան