Իրանը կտրուկ կպատասխանի ԱՄՆ-ի «քաղաքական հարվածին»
«Թեհրանը չի հանդուրժի միջուկային գործարքին «քաղաքական հարված» հասցնելու ԱՄՆ փորձերը, կպատասխանի դրան»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Թեհրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման Վաշինգտոնի փորձերի կապակցությամբ: Էմբարգոյի վերացումը նախատեսված է համաձայնագրով:
«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում են քաղաքական հարված հասցնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, ապա նրանք պետք է իմանան, որ Իրանը չի հանդուրժի դա և վճռական գործողություն կցուցաբերի ի պատասխան դրան»,- կառավարության նիստում Ռոհանիի արած հայտարարությունը հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը:
Իրանը և վեց միջազգային բանակցողներ 2015-ի հուլիսին համաձայնության են եկել լուծելու իրանական ատոմի երկարատև խնդիրը: Ամիսներ տևած բանակցությունները հանգեցրին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) ընդունմանը, որի իրականացումը ամբողջովին վերացնելու էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:
Համաձայնագրով նաև նախատեսված է, որ զենքի էմբարգոն Իրանի վրայից կհանվի հինգ տարվա ընթացքում: Զենքի առաքումը Իրան հնարավոր էր նաև նախկինում, բայց միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ:
Գործարքն իր սկզբնական տեսքով չգոյատևեց նույնիսկ երեք տարի: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց դրանից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Այնուամենայնիվ, քանի որ միայն ԱՄՆ-ն է պաշտոնապես դուրս եկել գործարքից, նրա մնացած մասնակիցները պետք է հետևեն զենքի էմբարգոյի վերացման պայմանին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան