Դատավորը՝ պաշտպանին. «Դուք ինչո՞ւ եք մտահոգվում, պարոն Եգորյան»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությանն այս գործից անջատված մասով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանի հարցաքննության ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցերից մեկին պաշտպաններից Տիգրան Եգորյանն առարկեց։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ առարկությունը չի ընդունվում։
«Թող ասի չի հիշում, հասկանանք, ինչու եք ասում՝ հիշում է, կամ չի հիշում։ Դուք ինչո՞ւ եք մտահոգվում իր փոխարեն, միգուցե ինքը ասում է։ Դուք ինչո՞ւ եք մտահոգվում, պարոն Եգորյան։ Դուք այդ անձի պաշտպանությո՞ւնն եք իրակացնում, թե՞ ցանկանում եք ձեր միջնորդած անձն այստեղ հարցաքննվի ու եղելության վերաբերյալ տեղեկություններ ստանա դատարանը»,- ասաց դատավորը՝ դիմելով Եգորյանին։
Վերջինս արձագանքեց. «Եթե ես դա չցանկանայի, չէի միջնորդի»։
Դատավորն ասաց. «Ոնց որ չեք ցանկանում։ Ցանկանում եք ստանալ այն, ինչ ուզում եք»։
Տ. Եգորյանն ասաց, որ ցանկանում է հավասար մոտեցում լինի։
«Շատ հավասար մոտեցում է, առավել հավասար մոտեցում չեմ էլ պատկերացնում»,- ասաց դատավոր Մակյանը։
Ամբաստանյալ Արմեն Բիլյանը հարցերով դիմեց Հ.Վարդանյանին. «Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ ես որևէ կապ ունե՞մ»։
Նա պատասխանեց. «Բացարձակ»։
Նշենք, որ պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրը` 2016 թ. հուլիսի 17-ին, վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել էր օգոստոսի 13-ին հիվանդանոցում: Դատարանում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալն ասելու բան ունի, բայց չի հիշում
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարություն. «Թորոս Թորոսյանի ամբողջ ցուցմունքը սուտ է»
- ՊՊԾ գնդի գրավման գործով վկան հրաժարվեց նախկին ցուցմունքից
- ՊՊԾ գնդի գործով ցուցմունք տված մեղադրյալը ցանկանում է կրկին ցուցմունք տալ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը վկային մեղադրեց ստելու մեջ
- Արմեն Բիլյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով մյուս մեղադրյալին. «Դու կեղծ ցուցմունք ես տվել»
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությանը հարցաքննվում են բժիշկները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին