Դավիթ Հարությունյան. Այսօր տեղի են ունենում ճակատագրական սխալներ
«Հրապարակ»-ը Սահմանադրական դատարանի շուրջ կատարվող իրադարձությունների, Սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ զրուցել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ։
Հարց- Պարոն Հարությունյան, Ձեր մտքով երբևէ կանցնե՞ր, որ հնարավոր է սահմանադրական փոփոխություն իրականացնել մի քանի ժամում՝ առանց ընդդիմության և խորհրդարանական լսումների, առանց միջազգային կառույցների կարծիքը հաշվի առնելու։
Պատասխան- Բնականաբար՝ այն, ինչ տեղի է ունենում, չի կարող համարվել տրամաբանական, ոչ էլ՝ բնական։ Ու թեև մտքովս չէր անցնում, բայց յուրաքանչյուր քայլը, որ հիմա կատարվում է, հուշում է, որ մենք դեռևս ականատես ենք լինելու շատ ավելի բացասական զարգացումների։
Հարց- Այսօր շատ են հիշում նախկին իշխանություններին, որ դուք էլ օրենքներն ու Սահմանադրությունը «կարում» էիք ձեր հագով, հիմա էլ նույնը նորերն են անում, և ձեր «կարած» Սահմանադրությունն է պատճառը, որ այսօր նման իրավիճակ է ստեղծվել։
Պատասխան- Ես բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ Սահմանադրությունը որևէ մեկի հագով կարված չէ, այն կարված է եղել Հայաստանի Հանրապետության համար։ Պատահական չէ, որ Սահմանադրությունն իր հիմնական մասով առ այս պահը որևէ փոփոխության ենթարկելու քայլեր փաստացի կատարված չեն։
Հարց- Երբ հետահայաց նայում եք, Դուք Ձեր թիմի և անձամբ Ձեր սխալը տեսնո՞ւմ եք, որ եթե Սահմանադրության մեջ այսինչ կետն այսպես չգրեինք, այսօր նման իրավիճակ չէր լինի։
Պատասխան- Ուրեմն՝ սխալ չի անում նա, ով որևէ բան չի անում, և, բնականաբար, հետադարձ հայացք նետելով, իհարկե, միշտ կարելի է բացահայտել՝ այ, սա սխալ էր։ Այլ խնդիր է՝ արդյոք այդ սխալները ճակատագրակա՞ն են, թե՞ ոչ։ Ցավոք սրտի, ես համարում եմ, որ այն սխալները, որ այսօր կատարվում են, դրանք ճակատագրական են։
Հարց- Իսկ Դուք թույլ չե՞ք տվել ճակատագրական սխալներ, որոնք նաև հանգեցրել են այսօրվա ճակատագրական սխալներին։
Պատասխան- Տեսեք, եթե Դուք նկատի ունեք ճակատագրական, ենթադրենք, կուսակցության համար, ապա բնական է։ Ես խոսում եմ ճակատագրական՝ երկրի համար։ Ես կարծում եմ, որ պետության համար ճակատագրական սխալներ թույլ չենք տվել։
Հարց- Ձեզ շատ էին քննադատում, որ դուք օրենքները ծառայեցնում էիք բացառապես ձեր քաղաքական շահերին, օրինակ՝ նույն կառավարության նիստերը փակելու որոշումը, վարչապետի ծախսերը չհրապարակելու վերաբերյալ օրենքը, Ընտրական օրենսգրքում՝ ռեյտինգային համակարգը, և հիմա այդ օրենքներից օգտվում է նաև գործող իշխանությունը։
Պատասխան- Բանն այն է, որ ես չեմ համարում, որ Ձեր թվարկածների մեջ տեղի է ունեցել սխալ։ Սկսենք նույն կառավարության նիստերի փակ լինելուց։ Ես այսօր էլ եմ համարում, որ կառավարության նիստերը պետք է լինեին փակ, և գոնե չէինք ունենա այն իրավիճակը, երբ կառավարության նիստի բաց մասում քննարկում են առանձնապես որևէ էական նշանակություն չունեցող հարցեր, որովհետև միացված է ուղիղ եթերը, և դա օգտագործվում է զուտ PR-ի նկատառումներով։ Իսկ այն առավել կարևոր հարցերը, օրինակ՝ նույն գույքահարկի հետ կապված հարցերը, դրանք բոլորը չզեկուցվող հարցերի ցանկում են։ Այսինքն՝ իրականում այն, ինչ տեղի է ունենում այսօր, երբ կառավարության նիստերը բաց են, դա ավելի շատ բեմականացում է, քան բուն քննարկում։ Եվ մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ ավանդական ժողովրդավարական երկրներում կառավարության նիստերը փակ են, ավելին՝ արգելված է նախարարներին ներկայացնել կառավարության նիստերի ընթացքում քննարկման ընթացքը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները և լրացումները
- Բուքիքիո. Ցավում եմ՝ Սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին
- ԵԽ գլխավոր քարտուղար․ Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի խորհրդատվությամբ