«Ոսկե ծիրան»-ն առցանց զրույց-քննարկում է անցկացրել Կաննի փառատոնի մասնակից ֆիլմի հեղինակների հետ
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը առցանց զրույց-քննարկում է անցկացրել Կաննի 73-րդ կինոփառատոնի մասնակից «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe) ֆիլմի մտահղացման, արտադրական, հետարտադրական և փառատոնային ճանապարհի մասին:
Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցել են ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը և պրոդյուսեր Անի Որսկանյանը: Հանդիպումը վարեց «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը, անդրադառնալով «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմին, ընդգծել է, որ 11 տարի առաջ Արցախ այցելելուց հետո որոշել է աշխարհին պատմել հայկական երկրորդ հանրապետության մասին։
«Ուզում էի նկարահանել մի ֆիլմ, որը պատմելու է Ղարաբաղի մասին, չէի ուզում նկարել վավերագրական կինոնկար։ Ոզում էի, որ ֆիլմն ավելի շատ գեղարվեստական կերպով ներկայացնի Արցախում առկա աբսուրդային վիճակը»,-նշել է Նորա Մարտիրոսյանը՝ հավելելով, որ բազում հիմնադրամներ, որոնց դիմել է ֆինանսավորման համար, ցանկացել են, որ նա իր սցենարի այլ տարբերակներ գրի, այլ անկյունից ցույց տա Արցախը և այլն, իրենց սխեմաներն ու մոդելներն են առաջարկել։
Ռեժիսորը փաստում է՝ 9 տարվա ընթացքում 10-15 տարբեր սցենարներ է գրել, սակայն հավելում՝ այսօրվա ֆիլմը շատ նման է նրան, ինչ ուզում էր ասել ամենասկզբում, և դա իր ամենամեծ հաղթանակն է։
«Ես չեմ փորձում ֆիլմով ասել՝ ով է ճիշտ, ով սխալ, փորձում եմ փաստեր ներկայացնել։ Ոչ մի կարծիք չեմ հայտնում, հիմնվում եմ փաստերի վրա։ Իմ ֆիլմը չի նայում դեպի անցյալ, ես չեմ պատմում անցյալի մասին, ներկայացնում եմ ներկան, հայացք եմ ձգում դեպի ապագա»,-նշում է Նորա Մարտիրոսյանը։
Նշենք, որ ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասը արվել են Հայաստանում և Արցախում։
Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։
Հանդիպման տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղումով:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրանը» կկայանա նոյեմբերի 1-8-ը
- «Ոսկե ծիրան». «Մեծ ու փոքր արկածներով ավարտեցինք այս փառատոնը»
- «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները
- «Ոսկե ծիրան». Ճապոնաբնակ հայ գրող Դիանա Աղաբեկ Աբգարի պատմութունը՝ «Անպետություն դիվանագետը» ֆիլմում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը