«Ժողովուրդ». Տուրիստական գործակալությունները փակման եզրին են
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են: Պատճառը աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը: Օրինակ, «Վարդան թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ երեք ամիս տանից են աշխատել. «Քանի որ ես ճանաչում եմ շուկան, պետք է ասեմ, որ շատ տուրիստական գործակալություններ են փակվել, որովհետև մարդիկ չեն կարողանում վարձերը վճարել և հանձնում են տարածքները: Դրա հետևանքով շատ քաղաքացիներ մնում են առանց աշխատանքի: Այս պահի դրությամբ ստեղծված վիճակը տուրիզմի ոլորտի վրա բացասաբար է ազդում»։
Նշենք նաև, որ տուրընկերություններն այս ամիսներին մեծ վնասներ են կրում: «Վարդան թրավել»-ի տնօրենի խոսքով՝ իրենք ևս ֆինանսական կորուստներ ունեն: «Եթե գումարենք այն շահույթը, որը պետք է ունենայինք մենք, կորուստները շատ մեծ են: Չէ՞ որ մայիսից մինչև օգոստոսի վերջ տուրիստական գործակալությունների ամենապիկ շրջանն է, բոլորը մեկնում են հանգստի: Այս պահի դրությամբ մենք, բացի այն, որ չունենք շահույթ, նաև ծախսեր ենք անում: Օրինակ՝ ես վճարում եմ յուրաքանչյուր ամիս տարածքի վարձակալության գումար, չնայած մարտ և ապրիլ ամիսների վարձակալության գումարը իմ ընկերության տարածքի սեփականատերը, հասկանալով մեր վիճակը, չվերցրեց: Ամեն օր են կորուստները»,- մեծ ափսոսանքով նկատեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան