Հողի հարկի բարձրացումը ժողովրդին հուսահատության գիրկն է նետել. ֆերմեր
«Գյուղատնտեսությունը գտնվում է կաթվածահար վիճակում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը։
Նրա խոսքով, վարչապետի հայտարարությունը, թե կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու համար որպես օժանդակություն գյուղացիներին վարկեր են տրամադրում, «բլեֆ» է։
«Ես եղել եմ մի քանի բանկերում, հայտարարել եմ, որ պատրաստ եմ նույնիսկ գրավադրում իրականացնելու, քանի որ գումար է անհրաժեշտ, ինձ մի բանկից մյուսն են ուղարկել։ Այս տարի մարդիկ խոպան չեն գնացել, բայց էլի հողերը դատարկ են մնացել։ Գեղարքունիքում կարտոֆիլի տնկանյութ չկարողացան ճարել, և գումար չլինելու պատճառով չկարողացան ցանք անել։ Խոտհունձի ժամանակն է, բայց խոտ չկա։ Երաշտային տարի է, իսկ ոռոգման մասին խոսք լինել չի կարող։ Նախկին համակարգի ժամանակ, երբ ես խոսում էի ջրագողության մասին, այսօր ավելի լայն մասշտաբով է ջրագողություն իրականացվում ։ Գետետրը ցամաքեցնելով՝ ջուրն ուղարկում են թշնամի պետություն, և դա մեզ հիմք է տալիս կասկածի տակ դնել հեղափոխությունը և դրա առաջնորդին։ Մենք պատրաստվում ենք ծայրահեղ ազգայնական ինքնապաշտպանական շարժման»,- նշեց ֆերմերը։
Տիգրան Եղոյանը կարծում է, որ արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է քաղաքացիներին լռեցնելու համար։ Ըստ նրա, արդեն ժամն է ոտքի կանգնելու։
Վերադառնալով գյուղատնտեսության խնդիրներին, ֆերմերն ասաց, որ կարտոֆիլի բերքը քիչ է, ներկրելու կարիք է լինելու.
«Սխտորի մասով, Հայաստան են ներկրում չինական սխտոր, ինչի պատճառով կտրուկ նվազել են տեղական մշակողները, կրճատվել են ցանքատարածքները։ Անասնագլխաքանակն ամիս առ ամիս իջնում է։ Վերջին շրջանում 30%-ով անասնագլխաքանակը նվազել է։ Քայլեր են արվում գյուղատնտեսությունը ոչնչացնելու համար։ Էլ չեմ խոսում հողի հարկի բարձրացման մասին, ինչը ժողովրդին հուսահատության գիրկն է նետել։ Գյուղատնտեսությունը, դժբախտաբար, հասել է այն վիճակին, որ ամեն ինչը պետությունը պետք է սկսի ներմուծել»։
Հարակից հրապարակումներ`
- Թունյանը կարծում է, որ նոր գույքահարկը կխթանի բիզնեսը
- Ըստ Տիգրան Ուլիխանյանի, գույքահարկի բարձրացումը կնպաստի ճանապարհաշինության բարելավմանը
- Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գույքահարկի ավելացման մասին օրենքը
- Փաշինյան. Գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր ոլորտներից մեկը
- Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը