Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի
Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ընթանում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած բողոքների քննությունը։
«Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի։ Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանն այս պահին վարակված է կորոնավիրուսով, այդ փաստը չի խանգարի, որպեսզի դատական նիստը շարունակվի։ Հաշվի առնելով այն ծավալը, որն առկա է՝ դատախազության բողոքը, պաշտպանների մի քանի բողոքները, ժամանակի առումով հնարավոր չի լինի ավարտել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով և վերաքննիչ բողոքների քննությանը ներկա լինել չի կարող։
Ինչ վերաբերում է պաշտպանների բողոքին, Ե. Սարգսյանն ասաց. «Ոչ միայն հիմնավոր կասկածի բացակայությունն է, այլ նաև ՀՔԾ-ի քննության մասը, ԱԺ ներկայացրած միջնորդագրում մեղադրանքի բովանդակության և կալանավորման միջնորդության մեջ մեղադրանքի բովանդակության էական տարբերությունը, նաև այն, որ այս ամեն ինչը, ըստ էության, քաղաքական բնույթ է կրում, դրա վերաբերյալ ունենք շատ մանրամասն վերլուծություններ։ Կարծում ենք, որ այդ փաստարկները պետք է քննության առարկա դառնան, որովհետև առաջին ատյանի դատարանը նշել էր, որ դրանք այս փուլում ենթակա չեն քննության, բայց մեր դիրքորոշմամբ այն պետք է քննվի։ Կարծում եմ՝ այսօր այս հարցերին պետք է անդրադառնանք»։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն և կալանավորել Ծառուկյանին։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Գ.Ծառուկյանը հարուցված քրեական գործը համարում է սարքած գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Մխիթար Պապոյանին
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը վերաքննիչ դատարանը կքննարկի վաղը
- Գագիկ Ծառուկյան.Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում
- 124 քննիչներ կցված են Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի քննությանը. Զոհրաբյան
- Դատախազությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել
- Ծառուկյանի պաշտպան. Եթե ստեղծվեց այս քրեական գործը, վստահ եմ՝ դրա շարունակությունը կլինի
- Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին