Պետությունը պիլոտային կարգով կվճարի 220 դրամ արժողության աշնանացան ցորենի 70 դրամը
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում հայտնեց, որ 7 մարզում գտնվող Հայաստանի ցորենի ցանքատարածությունների 95 տոկոսից ավելի դեպքում մեկ հեկտարի արտադրողականությունը 2 տոննայից ցածր է:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով, ցածր արտադրողականության հիմնական պատճառը սերմացուի ոչ բավարար որակն է, քանի որ գյուղացիները նախորդ տարվա ցորենից սերմացու են պահում, և հաջորդ տարվա ցանքը կատարում են դրանով:
Խնդիրը լուծելու համար կառավարությունը հաստատեց Հայաստանում 2020 թվականին աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության պիլոտային ծրագիրը:
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ որակյալ սերմացուն, որը «էլիտա» տեսակի է լինում, կամ առաջին վերարտադրության, պարենային ցորենների նկատմամբ ունեն բարձր գինր՝ 210-220 դրամ:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ 1 կգ հաշվով 70 դրամը կվճարի կառավարությունը, եթե գյուղացիական տնտեսությունը, հաշվի առնելով այդ տեսական օգուտները՝ պատրաստ է պարենային ցորենը, որը պահել էր որպես սերմացու 100 դրամով վաճառելու համար, ապա դրան ավելացնի ևս 50 դրամ:
«Այսինքն՝ 150 դրամով վճարել այն 220 դրամանոց սերմացուի համար, որի 70-ն արդեն վճարում է պետությունը»,-պարզաբանեց էկոնոմիկայի նախարարը:
«Յուրաքանչյուր տնային տնտեսության համար առաջարկել ենք, որ առավելագույն սահմանաչափ լինի՝ մինչև 20 հեկտար ցորենի ցանքի համար»,- ասաց նախարարը և հավելեց, որ այն մեկ հեկտարի հաշվով կկազմի 350 կիլոգրամ և եթե կլինեն մարդիկ, որ ամբողջ 20 հեկտարի համար է են վերցնելու սերմացու, ապա նրանց սուբսիդավորվող չափաքանակը 7000 կգ կլինի՝ 490 հազար դրամ:
Որպես հիմնավորում Տիգրան Խաչատրյանը նաև հաշվարկներ ներկայացրեց. «Եթե մեկ հեկտարի հաշվով գյուղացին 2 տոննայի փոխարեն 3 տոննա ցորենի բերք ունենա, ապա դա նվազագույնը 100 դրամով կարժենա 100 հազար դրամ: Դա այն տնտեսական օգուտն է, որ իրենք կստանան յուրաքանչյուր հեկտարից»:
Ըստ նախարարի, աջակցության գումարը միանգամից չեն փոխանցելու գյուղացիներին, այլ այն ժամանակ, երբ վերջիննրես փոխանցում կկատարեն մատակարարի հաշվին, այդ պահից նոր մյուս 70 դրամը կառավարությունը կհատկացնի:
Էկոնոմիկայի նախարարը հավաստիացրեց, որ գյուղացիների համար կմատուցեն ցորենի սերմի որակի անվճար ստուգման ծառայություն, քանի որ նախկինում շատ են եղել դեպքերը երբ անորակ սերմ է վաճառվել գյուղացուն: