Պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ.Հ.Հարությունյան
Ֆեյսբուքյան իր էջում «5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն Հարություն Հարությունյանն անդրադառնալով ոստիկանների «5-րդ ալիք» այցին և հարուցված վարչական վարույթին, գրել է.
«Ոստիկանները «հյուր» էին եկել «5-րդ ալիք» հեռուստաընկերություն: Պատվով, կարգով ընդունեցինք, թեթև բանավիճեցինք, որովհետև նրանք ցավոք (չէ, նրանք չէ, պարետը ) չէին հասկանում գրասենյակային տարածքի և տաղավարի տարբերությունները: Նրանց հանգամանալից բացատրեցի, որ այնտեղ, որտեղ նստած ենք գրասենյակային տարածք է, իսկ տաղավարը, որտեղ ընթանում են նկարահանումները՝ արտադրական է: Չգիտեմ, թե այս պարզ ճշմարտությունը նրանք կամք կունենա՞ն բացատրել պարետին, բայց նաև իմ պահանջով չափեցինք և արձանագրեցինք, որ հյուրի և հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ: Այսինքն՝ այստեղ ևս սոցիալական հեռավորությունը ապահովված է և վարչական վարույթ բացելու պարտադրանքը համարեցի ապօրինի գործողություն: Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում և այստեղ էլ սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա:
Կրկնում եմ պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ և եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների , կգնանք դուրս՝ ԵԴ»: