Մենք անելու ենք ամեն ինչ, որ Շվեդիա-Լիտվա կոնսորցիումի շրջանակներում իրականացված բոլոր գործողությունները լինեն ի շահ Հայաստանի.դեսպան
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բրիյեր Կարլսոնին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախարար Ցոլակյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ընդգծել, որ երկուստեք ջանքերով ու կայուն գործակցությամբ հնարավորություն է ստեղծվում մի շարք ոլորտներում կարևորագույն խնդիրներ կարգավորել։
ԱԻՆ-ԵՄ նոր գործակցության սկիզբն է ազդարարվել։ Համատեղ ստորագրվել է բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի մեկնարկային փաստաթուղթը:
Նախարար Ցոլակյանը նշել է, որ ծրագրի նպատակն է Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա։ «Արդեն բարի ավանդույթ է դառնում այս ոլորտում մեր գործընկերների համատեղ ջանքերի ներդրումը, որոնք միասնական ճակատով՝ որպես մեկ հարթակ, քայլեր են ձեռնարկում Հայաստանն աղետակայուն երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս ծրագիրը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում Արտակարգ իրավիճակների նախարարությանը բազմաբովանդական գործունեություն իրականացնել բնակչության պաշտպանության համակարգի օրենսդրական և քաղաքական դաշտի ընդլայնման արդյունավետության բարելավման և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ։ Հարգելի հյուրեր, ես շնորհակալություն եմ հայտնում նման նախաձեռնության համար՝ մաղթելով ամենայն բարիք աղետակայուն Հայաստանի ամրապնդման կարևորագույն գործում»,- ասել է նախարարը։
Անդրեա Վիկտորինն իր հերթին կարևորել է ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի ակտիվացումը, շնորհակալություն է հայտնել ԱԻՆ-ին՝ Թվինինգ ծրագրի մեկնարկի շրջանակում ներդրված ջանքերի համար։ «Թվինինգը հաջողված է նրանով, որ կարողանում է համախմբել ԵՄ անդամ երկրներին և ներգրավել նաև նրանց փորձը։ ԵՄ-ն որպես ֆինանսական աջակցող է ներգրավված, Շվեդիան և Լիտվան՝ որպես իրենց փորձի ներդնող»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ու Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատարն ընդգծել են, որ համագործակցության հաջող ընթացքի համար բոլոր նախադրյալներն ապահովված են։ Շվեդիայից և Լիտվայից 2 տարով փորձագիտական խումբ է ժամանելու Հայաստան։
«Լիտվայի հետ համագործակցությունը բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի հետ կապված դեռևս սկսվել է Սպիտակի երկրաշարժից հետո։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ Շվեդիա-Լիտվա կոնսորցիումի շրջանակներում իրականացված բոլոր գործողությունները լինեն ի շահ Հայաստանի Հանրապետության»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։
«Մեր կարողությունների զարգացման ուղղությամբ ունեցած փորձը, որով կկիսվենք, շատ կարևոր կլինի նախարարության համար։ Կարծում եմ, որ թվինինգային ծրագիրը հաջող կիրականանա»,- հավելել է Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բրիյեր Կարլսոնը։
Թվինինգի իրականացման ամբողջ ընթացքում ԱԻՆ-ում կլինի կոնսորցիումի ներկայացուցիչը, ով կապահովի համագործակցությունն ԱԻՆ-ի և կոնսորցիումի միջև: Ներկայացուցիչը Հայաստան է ժամանելու 2020 թ. հոկտեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան