Լույս է տեսել Ռուբեն Վարդանյանի «Selfнекролог или Реквием по Несбывшемуся» գիրքը
Գիտնական և գրող Ռուբեն Վարդանյանի «Selfнекролог или Реквием по Несбывшемуся» («Ինքնամահախոսական կամ Ռեքվիեմ չիրականացվածի մասին») գիրքը դրվել է ընթերցողի սեղանին։ Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտը»։
Ռուբեն Վարդանյանի գիրքը ստեղծագործություն է Հայաստանի պատմության վերջին նախադեպերի մասին: Մտորումներ այն մասին, թե ինչպես է «դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը» ազդել քսաներորդ դարավերջի և քսանմեկերորդ դարերի սկզբի հայկական իրականության վրա: Սրանք հարյուր հազարավոր մարդկանցից մեկի հիշողություններն են, ովքեր այս աղետի արդյունքում ստիպված են եղել լքել փոքր Հայաստանը, բայց, ինչպես բոլոր հայ արտագաղթածները, շարունակում են ապրել երկրի կյանքով:
Ստեղծագործության մեջ ներկայացվում են մտորումներ «հայի ճակատագրի» վերաբերյալ, այն մասին, թե ինչու 9-10 միլիոն հայերից միայն 1/3-ն է ապրում հայրենիքում:
Հեղինակը նշում է, որ գրքի վրա աշխատելն ավարտել է դեռ երկու տարի առաջ, երբ աշխատում էր Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում, որտեղ գրեթե հայ չկա։
«Գրքում ես նորից և նորից արծարծում եմ մեր պատմությանն առնչվող սրբազան հարցեր, որոնց պատասխանները որևէ կերպ չեմ կարողանում գտնել: Դրանցից շատերը կարող են ապստամբական և բազում դժգոհություններ առաջացնել»,-գրքի մասին նշում է հեղինակը։
Հրատարակչությունից հայտնում են, որ գրքի շապիկին պատկերված է ֆրանսիացի քանդակագործ Բրունո Կատալանոյի քանդակը, որը կոչվում է «Հանճարեղ Վան Գոգը»։ Վերջինս յուրահատուկ է նրանով, որ մշտական բնակություն որևէ վայրում չի հաստատում, պարբերաբար տեղափոխվում է տարբեր հատվածներ։ Հեղինակն արձանն ընկալում է որպես արտագաղթած անձի խորհրդանիշ։
Վարդանյանը Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս է, Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր, Heterocyclic Drug Discovery գրքերի շարքի նախաձեռնող և խմբագիր (շարքը բաղկացած կլինի 25-30 հատորից), հեղինակել է չորս գիրք՝ բժշկական քիմիայի ասպարեզում, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ում։ Նրա աշխատություններից թարգմանվել են նաև ռուսերեն։