Ոստիկանները 5-րդ ալիքում են,հարուցվել է վարչական վարույթ.YerevanToday
Հուլիսի 3-ին՝ աշխատանքային ժամի ավարտին, ոստիկանությունն այցելել է 5-րդ ալիք: Ներկայացվող պատճառաբանությունն այն է, որ հարուցվել է վարչական վարույթ ոստիկանության կողմից այն հիմքով, որ եթերի ընթացքում դիմակ չեն կրել մեկնաբանները: Այս մասին գրում է «YerevanToday» լրատվականը:
Նշենք, որ նույն պատճառաբանությամբ ավելի վաղ ոստիկանությունն այցելել էր նաև «Արմնյուզ» հեռուստաընկերություն:
Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը հստակ նշել է, որ եթերում դիմակ կրելու համապարտադիրության պահանջ որևէ տեղ սահմանված չէ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն եթերում չկրելու պարտավորության մասին:
Դիմակ կրելու մասով օրեր առաջ նաև հայտարարություն էր տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը, մասնավորապես նշելով, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթերային տաղավարներում տեխնիկական անձնակազմը ստանդարտին համապատասխան հաղորդավարից գտնվում է նվազագույնը 1,5-2 մետր հեռավորության վրա, ապա դիմակ կրելու նորմի նպատակն ինքնին համարվում է իրացված: