«Բալիկ ջան, ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ»
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մհեր Մկրտչյանի 90-ամյակի առթիվ կապ է հաստատել դերասանի ռուս գործընկերների հետ, որոնք հիշել են հայ մեծանուն արտիստին ու պատմել դեռևս չպատմված հիշողություններ։Այս մասին հայտնում են Կենտրոնից։
«Ֆրունզի՛կ, երբեմն այնտեղից հետևի՛ր մեզ, մենք քեզ հիշում ու սիրում ենք»․ Մհեր Մկրտչյանի գործընկերուհին` «Ունայնություն ունայնությանց» (Суета сует) ֆիլմի ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Ալլա Սուրիկովան, այսպես է սկսել իր ուղերձը` շնորհավորելով Մհեր Մկրտչյանի 90-ամյակը։
Ալլա Սուրիկովան հիշում է, որ «Суета сует» ֆիլմում Ֆրունզիկին դերի համար միանգամից չեն հաստատել։ Ֆիլմի սցենարիստը չէր համակերպվում Ֆրունզիկի հայկական ակցենտի հետ։ Խնդիրը լուծելու համար հեղինակը գրում է հատուկ դրվագ, որը միանգամից փոխում է ամեն ինչ։ «Հիշում եք` ֆիլմում հերոսուհին՝ Գալինա Պոլսկիխը, Ֆրունզիկին ասում է, թե այսքան ժամանակ ապրում ես Մոսկվայում, բայց այդպես էլ չսովորեցիր նորմալ ռուսերեն խոսել։ Ի պատասխան Ֆրունզիկի հերոսն ասում է. «Ռուսաց լեզուն այնքան հարուստ է, իսկ ես աղքատ մարդ եմ»»,- հիշում է Ալլա Սուրիկովան։
Նա պատմում է, որ գործընկերն իրեն մի քանի հայերեն արտահայտություն է սովորեցրել։ «Ինչպես օրինակ՝ «ցավդ տանեմ»։ Այժմ աշխարհն այնքան դաժան է, ագրեսիվ և անհանգիստ, երբ մարդը կարողանում է ասել վերցնեմ քո ցավը, շատ մեծ, լուրջ ու կարևոր իմաստ կա այդտեղ։ Իսկապես շնորհավորում եմ հայ ազգին նման տաղանդավոր որդի ունենալու համար»։
Դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Ելենա Դրապեկոն Մհեր Մկրտչյանի հետ նկարահանվել է «Միայնակներին տրվում է հանրակացարան» (Одиноким предоставляется общежитие) ռոմանտիկ կատակերգությունում։ Հիշում է, թե բոլորին որքան էր տպավորում Մհեր Մկրտչյանի ստեղծագործ միտքը։ «Ամեն անգամ ռեժիսորի հետ հանդիպելիս մեր դերերը ներկայացնում էր նորովի, ու մենք դառնում էինք ֆիլմի գլխավոր հերոսները։ Շատ էր աշխատում նաև հագուստների վրա. «Միայնակներին տրվում է հանրակացարան» ֆիլմում մուշտակը հենց ինքն է մտածել, դրանով նա առանձնահատուկ էր»,- հիշում է Դրապեկոն։
Երևան աշխատանքային այցի ժամանակ Ելենա Դրապեկոն այցելել է Մհեր Մկրտչյանի շիրիմին։ «Մեծ ծաղկեփունջ տարա, կանգնելով Ֆրունզիկի շիրմի առաջ ասացի, որ անցել են տարիներ, բայց Ռուսաստանում և առհասարակ ամբողջ Խորհրդային Միութան տարածքում հիշում են քո բոլոր դերերը, հիշում են քո բարությունն ու հումորը։ Եվ ասացի այն խոսքերը, որ հնչում էին ֆիլմում՝ բալիկ ջան, ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ»,- պատմում է Ելենա Դրապեկոն։
Դերասանուհին հիշում է նաև, որ ամեն անգամ, երբ ֆիլմը ցուցադրում են հեռուստատեսությամբ, պետդումայի միջանցքներում կամ փողոցում մարդիկ մոտենում են իրեն և կրկնում Ֆրունզիկի արդեն թևավոր դարձած խոսքերը. «Утром яичница, вечером яичница, ночью омлет»․
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան