«Նորակերտում այս պահի դրությամբ ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չենք կարող»
«Նախկինում գյուղում ջրամատարակարարում չկար: Վերևի թաղամասը խորքային հորերի ջուրն էին օգնագործում,որը խմելու համար պիտանի չէր, իսկ ներքևի համայնքում հինգ-վեց ծորակ էր, գյուղացիները գալիս այդ ծորակից ջուրը տանում էին»,- panorama.am-ի հետ զրույցում ասաց Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը:
Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում տասնամյակներ շարունակ խմելու ջրի խնդիրը լուծում չի ստանում կամ էլ լուծվել է մասամբ: Թեև գյուղը մեծ չէ , ունի 890 բնակիչ, սակայն խմելու ջուրը ցայսօր մատակարարվում է գրաֆիկով: Այսինքն՝ մի երկու օր գյուղի մասն է ջուր ունենում, մի քանի օր՝ մյուս: Այժմ Նորակերտում ներքին ջրագծերը փոխվել են : Գերասիմ Սարգսյանի խոսքով ՝ ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն երկու տարվա ընթացքում, այս պահին ներքին ցանցի բարեկարգման աշխատանքներ են տարվում:
«Ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ են կատարվել համայնքում մոտ 4500 մետր, որն իրականացվում է 2019 թվականի ծրագրով: Իսկ 2020 թ.-ի ծրագրով ներառված է ևս 2500 մետր, որից հետո միայն գյուղում ջրի խնդիրը կարող ենք համարել լուծված»,-ասաց նա:
Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքների մրցույթը կամփոփվի սույն թվականի հուլիսի վեցին, որից հետո կմեկնարկի շինարարությունը և կավարտվի առաջիկա երեք ամիսների ընթացքում: Ընհանուր առմամբ , համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7150 մետր : Համայքի ղեկավարի խոսքով ՝ այս պահի դրությամբ ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չենք կարող:
«Գյուղի ջրի խնդիրը մինչև փոխելն էր կար, հիմա էլ կա, քանի որ գյուղը սնվում է 15 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից: Մինչև գյուղ հասնելը Ակունք և Վարդենիսի Սև հողեր թաղամասը նստած են այդ ջրագծի վրա, այդ իսկ պատճառով համայնքում կա ջրի խնդիր: Եթե կարողանանք գյուղում լուծել ջրի խնդիրն, ապա Ակունք համայնքում պետք է կառուցվի նորից մեկ ջրահավաք ավազան և դրա միջոցով դոտացիա տրվի մեր ջրագծին, որպեսզի կարողանանք ամբողջ գյուղը մատակարարել ջրով»,- ասաց Սարգսյանը:
Ակունք համայնքից սնվող օրվա կարգավորիչ ջրամբարում վերակառուցման և ջրաքանակի ավելացման աշխատանքները նախատեսված է կյանքի կոչել գալիք տարվա ընթացքում ՝ սուբվենցիոն հերթական ծրագրի շրջանակներում: Դրանից հետո միայն վստահորեն կարող ենք ասել, որ համայնքը հիմնովին կանցնի շուրջօրյա ջրամատակարարման և խմելու ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի Նորակերտ համայնքում:
Ավելացնենք նաև, որ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 21 միլիոն դրամ, որից 70 տոկոսը պետք է հատկացնի Կառավարությունը, իսկ 30 տոկոսը ՝ Նորակերտի համայնքապետարանը: