Հնդկաստանը և Չինաստանը զորքերը դուրս են բերում վիճելի Գալվան գետի հովտից
Հնդկաստանը և Չինաստանը երկուստեք զորքերը դուրս բերել սահմանի վիճելի տարածքներից, բայց դա, ամենայն հավանականությամբ, վերաբերելու է միայն Լադաքհի միության տարածքում գտնվող Գալվան գետի հովտին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս տեղեկատվությունը երկուշաբթի օրը տարածել է NDTV հեռուստաալիքը:
«Հնդկաստանի և Չինաստանի զորքերի փոխադարձ դուրսբերումը տեղի է ունեցել, բայց, ամենայն հավանականությամբ, դա սահմանափակվել է Գալվան գետի հովտով: Հնդկական և չինական զորքերի միջև ստեղծվել է բուֆերային գոտի»,- սեփական աղբյուրի տեղեկությունները հրապարակում է հեռուստաալիքը: «Մենք պետք է սպասենք՝ տեսնելու, թե արդյոք այդ տարանջատումը հաստատ է և իրական»,- հավելել է հեռուստաալիքի զրուցակիցը:
Ըստ նրա, կողմերը նաև ապամոնտաժում են սահմանային գոտում կառուցված ժամանակավոր կառույցները և հեռանում են փաստացի վերահսկման գծից, որը բաժանում է Հնդկաստանը և Չինաստանը: Բայց աղբյուրները չեն նշում, թե որքանով են զինծառայողները հեռացվում դրանցից:
Զորքերի դուրսբերումը տեղի է ունեցել հունիսի 30-ին հնդկական բանակի 14-րդ կորպուսի հրամանատար գեներալ Հարինդեր Սինգհի և Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի Հարավային Սինցզյան ռազմական շրջանի հրամանատար գեներալ Լյու Լինի անցկացրած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Հունիսի 6-ից ի վեր սա արդեն երրորդ նման հանդիպումն էր:
Լադաքհում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ մայիսի սկզբին այնտեղ տեղի ունեցան բախումներ, որոնց մասնակցել էին մոտ 250 չինացի և հնդիկ զինվորներ: Երկու կողմերից վիրավորվել է ավելի քան 100 մարդ:
Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լադաքհի միության տարածքում գտնվող Գալվան գետի տարածքում նոր ընդհարումներ են սկսվել հնդիկ և չինացի զինվորականների միջև: Ըստ հնդկական բանակի աղբյուրների՝ հրազեն չի օգտագործվել, սակայն կողմերը օգտագործել են մեխերով մահակներ: Առնվազն 20 հնդիկ զինվոր է զոհվել, վիրավորվել՝ 76-ը: Հնդկական կողմը պնդում է, որ բախումների հետևանքով զոհվել և վիրավորվել են շուրջ 45 չինացի զինվոր: