Կորոնավիրուսը կարող է ախտահարել ոչ միայն թոքերը, այլ նաև՝ գլխուղեղը. բժիշկ
«Սա իսկապես լուրջ խնդիր է, մոտենում ենք հիվանդության 30 հազար հաստատված դեպքերի շեմին»,- այսօր «COVID-19. Հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը։
Նրա խոսքով, կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ գլխացավերը, գլխապտույտները, համի և հոտի զգացողության կորուստը մտնում են նևրոլոգիական դրսևորումների մեջ և ապացուցվել է, որ դրանք ավելի շուտ կարող են արտահայտվել, քան ջերմությունը։
«Պարզվում է, որ SARS-CoV-2-ը կարող է ախտահարել և թիրախավորել ոչ միայն թոքը, այլ նաև արտաթոքային բազմաթիվ օրգաններ, այդ թվում՝ սիրտը, երիկամները, արյունատար անոթները, և ամենակարևորը՝ կենտրոնական նյարդային համակարգը, որի մեջ մտնում է և՛ գլխուղեղը, և՛ ոսկրածուծը, և նյարդային համակարգը։ Մենք ունենք նևրոCOVID հասկացությունը, այսինքն՝ կորոնավիրուսը կարող է ներթափանցել ցանկացած օրգան, նաև ուղեղի հյուսվածք և ախտահարել կենտրոնական նյարդային համակարգը»,- նշեց նա։
Բժիշկը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի 80%-ն ընթանում է ասիմպտոմ, իսկ 20%-ը՝ ծանր ընթացքով, իսկ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներն առավել բնորոշ են հիվանդության ծանր ընթացքին։
«Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի խոսքով, բնական է, որ համավարակի ընթացքում սթրեսային մակարդակը բարձր է։
«Մեզ զանգել են մարդիկ, որոնք վարակված են եղել, և ունեցել են մեղքի զգացում, որ կարող է այլոց վարակած լինեն։ Այդ մեղքի զգացողությունը նաև ագրսեիվ դրսևորումներով է արտահայտվել։ Բայց նրանք ստացել են հոգեբանական աջակցություն, և մեղմացել է սթրեսային վիճակը»,- նշեց նա։
Հասմիկ Ղազինյանն էլ հավելեց, որ ցանկացած հիվանդ առաջին հերթին ակնկալում է ուշադրություն.
«Եվ այն տագնապային տրամադրությունը, որ ստեղծվել է կորոնավիրուսի շուրջ, մեզ գցում է ծայրահեղությունների մեջ։ Կան մարդիկ, որ մինչև հիմա չեն հավատում COVID-19 հիվանդության գոյությանը, բայց եթե նրանք վարակվում են, ապրում են տագնապ։ Այո, կորոնավիուսային հիվանդությունը մահացության բարձր աստիճան ունի, բայց դա չի նշանակում, որ ամեն վարակված պացիենտ իր մահկանացուն կնքում է։ Եվ եթե ժամանակին մարդիկ դիմեն բժշկի, ապա կորոնավիուսային հիվանդությունը բավականին լավ կկառավարվի»։
Ա. Զախարյանն էլ նշեց, որ հիվանդության մասին տարբեր տեղեկությունները՝ այդ թվում նաև ապատեղեկատվությունը, հասարակության մոտ սրում են տագնապի զգացողությունը, ինչը դրդում է մարդուն իրականությունից կտրվել։
«Շատերը չեն ուզում հավատալ հիվանդությանը, որպեսզի չփոխեն իրենց կյանքի ռիթմը, և հետ չկանգնեն իրենց հաճույք պատճառող երևույթներից։ Դա էլ է նրանց ստիպում իրականությունից կտրվել։ Մեզ մոտ մարդկանց մի ստվար զանգված կա, որը չի կարողանում զսպվածություն դրսևորել։ Այդ մարդկանց պետք է ներկայացնել իրենց վարքի պատճառահետևանքային կապերը, և ընտրության առաջ կանգնեցնել»,- ասաց հոգեբանը։
Հ. Ղազինյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանում արտակարգ իրավիճակը կարող է ձգվել մինչև դեկտեմբեր, քանի որ մարդիկ չեն պահում արտակարգ իրավիճակի պահանջները, քանի որ դրանք մնացել են ձևական և թղթի վրա նշված.
«Ես չեմ մոռանա վարորդի դեպքը, երբ նա իմանալով, որ վարակված է, դուրս էր եկել աշխատանքի։ Ուստի պետք չէ տրտնջալ այս վիճակից, հատկապես, որ այդ տրտնջացողներն ամենից քիչն են պահում արտակարգ դրության սահմանված կանոնները»։
Եզրափակելով խոսքը, բժիշկը նշեց՝ COVID-19-ը վարքագծային հիվանդություն է, և մարդիկ դրա հետ ապրելու են առնվազն 6-12 ամիս. «Եկե՛ք պահպանենք կանոնները, բոլո8ս հոգնել ենք, հատկապես առաջին գծում կռվող բժիշկները, եկե՛ք ըմբռնումով մոտենանք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան