Տնտեսություն 20:29 06/07/2020 Հայաստան

Ucom ընկերությունն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ ՏՄՊՊՀ-ին

Ս․թ․ հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է «Յուքոմ» ՓԲԸ՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։ Այս մասին  տեղեկանում ենք  «Յուքոմ» ընկերության տարածած հաղորդագրությունից:

«Նշենք, որ ս․թ․ հունիսի 8-ին «Թիմ» ՍՊԸ-ն ՀՀ ՏՄՊՊՀ դիմում է ներկայացրել նշյալ գործարքի իրականացումը թույլատրելու խնդրանքով: Ս․թ․ հուլիսի 1-ին «Յուքոմ» ՓԲԸ ներկայացրել է իր դիրքորոշումը նշյալ գործարքի վերաբերյալ՝ մասնավորապես հայտնելով, որ սույն համակենտրոնացումը ենթակա է արգելման մի քանի հիմքերով:

Մասնավորապես, ըստ դիրքորոշման, «Թիմ» ՍՊԸ և նրա ղեկավարության կողմից թույլ տրված գործողություններն պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն (ներառյալ՝ չբացահայտված՝ Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցություն)։ Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը հակասում է Տնտեսական մրցակացության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածներին, և համակենտրոնացումը ենթակա է ՏՄՊՊՀ կողմից արգելման։

Դիրքորոշմամբ արձանագրվում և հիմնավորվում է, որ  Ucom ընկերության նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ինչպես նաև նախկին փոխտնօրեն և ռազմավարական գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը (ով մինչ այսօր հանդիսանում է «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ), մեր գնահատմամբ, խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները, ինչպես նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործարքը բանակցելիս և ՏՄՊՊՀ ներկայացված հուշագիրը կնքելիս օգտագործել են «Յուքոմ» ՓԲ ընկերության սեփականությունը համարվող գաղտնի տեղեկատվություն (ներառյալ ՎԵՈՆ-ի հետ գործարքի դետալները, ինչը մի շարք երկրների օրենսդրության և դատական պրակտիկայում ստացել է կորպորատիվ հնարավորության յուրացման դոկտրին անվանումը): Այսպիսով, գտնում ենք, որ Եսայանների կողմից Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության բացահայտման և օգտագործման արդյունքում է, որ «Թիմ» ՍՊԸ-ն մեկ ամսվա ընթացքում կարողացել է բանակցել և հուշագիր կնքել և պատրաստվում է ձեռք բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերը, այնինչ նմանատիպ գործարքների բանակցությունները տևում են ամիսներ, եթե ոչ ավելի երկար: Նշված գործողությունները, ինչպես հիմնավորված է Դիրքորոշման մեջ, անբարեխիղճ մրցակցություն են և արգելված են:

«Յուքոմ» ՓԲԸ կողմից ՀՀ ՏՄՊՊՀ են ներկայացվել վերը նշված պնդումները հաստատող փաստական հանգամանքներ։ Ավելին՝ ներկայացվել է համանման իրավական կարգավորումներ ունեցող երկրների փորձի համեմատական-իրավական վերլուծություն, որպես դիրքորոշման մեջ բերված հիմնավորումները հաստատող հավելյալ փաստարկ։ Տրամադրված տեղեկատվությամբ ընդգծվում է, որ նման դրսևորումները բացառիկ չեն և դատապարտելի են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում։

«Յուքոմ» ՓԲԸ-ն հայտնում է, որ պատրաստվում է պաշտպանել իր խախտված իրավունքներն, ինչպես հայաստանյան իրավասու մարմիններում, այնպես էլ արտերկրի համապատասխան ատյաններում և հիմա քննարկում է իրականացնում իրավաբանական ծառայություններ մատուցող թիմի և արտասահմանյան իրավաբանների հետ՝ հնարավոր իրավական գործընթացներ նաև արտերկրում սկսելու վերաբերյալ» ,- ասված է հաղորդագրությունում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}