Շաբաթ և կիրակի օրերին շուրջ 1000 նոր դեպք ենք ունեցել. Փաշինյան
Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Շաբաթ և կիրակի օրերին շուրջ 1000 նոր դեպք են ունեցել : Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով որ առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով:
«Մենք ոչ միայն Հայաստանից ենք վատ լուրեր ստանում, այլև ամբողջ աշխարհից: Բազմաթիվ երկրներում, որտեղ համարվում էր թե համավարակով պայմանավորված իրավիճակը վերցվել է հսկողության տակ, գալիս են լուրեր, որ նորից կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում: Սա ավելի է խտացնում պատկերացումը, որ ունենք ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը, խոսելով ռազմավարությունից ասաց, որ այն շարունակում է մնալ նույնը.«Տեսնում ենք, որ այս իրավիճակը հնարավոր է հաղթահարել քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում: Միայն վարչական մեթոդները որևէ արդյունք չեն կարող տալ, եթե Հայաստանում վարքագծի զանգվածային փոփոխություններ տեղի չեն ունենում»:
Վարչապետը տեղեկացրեց, որ շաբաթ օրը շրջայց է կատարել Երևանի Ավան վարչական շրջանում, քաղաքացիներին դիմակներ է բաժանել և զրուցել:
«Հիմնական խնդիրը, որ տեսնում եմ, որ քաղաքացիները չեն հավատում իրենց անհատական վարքագծի փոփոխությանը կոնկրետ իրավիճակի վրա: Սա ամենակարևոր խնդիրն է: Նույնիսկ ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց հետ զրուցում էի, նրանց շրջապատում դեռևս չէր արձանագրվել կորոնավիրուսի ոչ մի դեպք»,-ասաց Փաշինյանն ու հավելեց.«Այսուհանդերձ իրականությունն այն է, որ այս պահի դրությամբ 491 մարդ մահացել է կորոնավիրուսի հետևանքով: Մենք պետք է շարունակենք քաջալերել քաղաքացիներին կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն»:
Վարչապետը նաև նշեց, որ Հայկական Կարմիր Խաչ ընկերությունը Երևանում բացել է ավելի քան 30 կետ, որտեղ քաղաքացիներին դիմակներ են բաժանում և իրազեկում համաճարակային իրավիճակի հետ կապված: