Ի՞նչ խնդիրներ կարող է բերել աշակերտներին մինչև 5-րդ դասարանը գնահատական չնշանակելը
«Հիմա ունենք բազմաթիվ աշակերտներ, որոնք սովորում են թվանշանի համար, դա վատ է, սակայն այդ թվանշանը կարճաժամկետ պարգևատրում է աշակերտի համար, ինչը կարող է նրան մոտիվացնել»,- այսօր «Հանրակրթության չափորոշիչներ. որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ-ի կողմից շրջանառված նախագծին, որով փոփոխություններ կկատարվեն հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում։
Նա նշեց, որ հումանիստական մոտեցում է աշակերտներին մինչև հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակը գնահատական չնշանակելը, ինչպես նաև նույն դասարանում չթողնելը։
«Նույնը վերաբերում է բացասական թվանշանները բացառելուն. 1-3 թվանշանները չեն համարվելու բացասական, նաև երկտարեցիությունն է վերանում։ Երեխան եթե մնում է նույն դասարանում, ավելի վատ է նայում դպրոցին։ Բայց մենք նաև ունենք աշակերտների մի մեծ խումբ, որ սովորում է նույն դասարանում չմնալու համար։ Հիմա եթե մենք այս փոփոխությունն անում ենք,մեծանոմ է ռիսկը, որ 4-5 ստանալու համար պայքարող երեխան այլևս դա չի անի, քանի որ 4-ն ու 3-ը նույն հարթության վրա են։ Այստեղ եթե այդ տրամաբանությունը աշխատի, ուսուցչի գործը ավելի կբարդանա, քանի որ չսովորող աշակերտների թիվը կմեծանա։ Այս ռիսկերը պետք է հաշվի առնել»,- շեշտեց կրթության փորձագետը։
Ըստ նրա, նախագիծն ունի նաև ֆինանսական ներդրումների հետ կապված մեծ ռիսկ.
«Մտահոգությունս այն է, որ ավագ դպրոցների ռեֆորմի օրը չընկնենք։ Եթե մենք շատ մեծ ներդրումներ չանենք ուսուցիչների զարգացման, մասնագիտացման համար, այս ռեֆորմը որպես բեռ կարող է մնալ տնօրենի և ուսուցչի վրա»։
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն էլ նշեց, որ բազմաթիվ դրական կողմեր կան նախագծում, բայց պարզ չէ՝ նշված չափորոշիչներն ում են ուղղված։
«Ինձ համար անհասկանալի է չափորոշչի ստեղծման փիլիսոփայությունը։ Ինչի՞ հիման վրա են ընտրվել այս չափորոշիչները, թե՞ հերթական անգամ գնում ենք «Հարևանի հարսն ավելի սիրուն է» տրամաբանությամբ, և էստոնացիների ու լատիշների փորձն ենք վերցնում։ Մշակված չափորոշիչներում հաշվի առնված չէ կարիքը, ինչպես նաև հնարավորություններն ու ունակությունները։ Հիմա ինտեգրացիոն ուսուցման մասին է խոսվում, բայց որևէ մեկը նայե՞լ է՝ ինչ բովանդակություն ունի 10-րդ դասարանի «Հասարակագիտության» գիրքը։ Էս քանի տարի է՝ մի քանի արհեստական առարկա բերել լցրել են մի գրքի մեջ»,- նշեց նա։
Վ. Թոքմաջյանի խոսքով, միլիոնավոր դրամներ են հատկացվել համապատասխան ինստիտուտներին, որոնք պետք է մանկավարժներին վերապատրաստեին, բայց հեռավար կրթության շրջանը ցույց տվեց, որ այդ գումարներն ուղղակի մսխվել են, և շատ մանկավարժներ անգամ «Zoom» ծրագիրը ներբեռնելու ձևը չեն իմացել։
Ինչ վերաբերում է գնահատականներին, ապա պատմաբանի կարծիքով, շատ երեխաներ կրթությունից դուրս են, քանի որ, օրինակ՝ գնում են և դաշտերում օգնում իրենց ընտանիքին, կամ հացի փռում աշխատում. «Հիմա մենք եթե գնահատականներն էլ հանենք, ապա պետք է մի մեխանիզմ մշակվի, որ կրթությունից դուրս մնացած աշակերտին վերադարձնենք դպրոց»։
Վ. Թոքմաջյանը նաև նշեց, որ տարբեր տարածաշրջաններում սովորող երեխաների պահանջներն ու սպասելիքները տարբեր են, սակայն այդ առանձնահատկությունները որևէ չափորոշչում արտահայտված չեն։
«Այսինքն՝ մենք նույն արշինով ենք չափում 380 հազար սովորողի, ու փորձում ենք ինչ-որ նշակետեր սահմանել, որոնց սովորողների 10%-ն էլ չի կարող հասնել։ Մեզ մոտ դեռ աբսուրդ վիճակ է դասագրքերի մասով, ու բերել ենք մի սիրուն, կեսը թարգմանած ծրագիր, որը, չեմ կարծում, որ կարողանանք կյանքի կոչել։ Շատ ենք ունեցել սիրուն փաստաթղթեր... բայց գոնե փորձը ցույց է տալիս, որ մենք չունենք այն բազան, որ այս նախագիծը կարողանանք կյանքի կոչել»,- շեշտեց նա։
Բացի այդ, պատմաբանի խոսքով, ծրագիրը մշակելիս պետք է քննարկումներ լինեին մանկավարժների հետ, իսկ այժմ կաբինետային որոշում է եղել, և ուսուցիչը պետք է ի կատար ածի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան