Կառավարության թերացումները ստիպեցին, որ ներքին տուրիզմը գործի «ջունգլիի օրենքներով»
Կորոնավիրուսային համավարակի հետևանքով տնտեսության կրած վնասները առավելապես նկատելի են զբոսաշրջության ոլորտում, քանի որ մարտ ամսից սկսած արտագնա տուրեր չեն լինում, իսկ ներգնա տուրեր կազմակերպել թույլատրվել է միայն մայիսի 18-ից, երբ կառավարությունը որոշեց տնտեսության տարբեր ճյուղերի համար կիրառվող սահմանափակումները վերացնել։
Թեև կառավարությունը թույլատրել է ներքին տուրիզմով զբաղվել, այնուամենայնիվ համատարած կոչերը, թե պետք է տանը մնալ և սահմանափակել բոլոր տեսակի շփումները, շարունակում են արգելք հանդիսանալ տուրիստական կազմակերպությունների համար։
«Արշավների ակումբի» հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ դժվար է այս պայմաններում աշխատելը։
«Եթե անգամ կարողանում ենք այս պայմաններում աշխատել, շատ դեպքերում ոստիկանական ուժերը ինչ-որ հուշարձանի մոտ կանգնած են լինում, և արգելում են մոտենալ դրան։ Օրինակ, մենք ունենք տուրեր դեպի Հարթագյուղի Սբ. Հովհաննես եկեղեցի, բայց ներքին կարգով իմացել ենք, որ ոստիկանական ուժեր կան այնտեղ, ու չեն թողնում ներս մտնել, թեև չկա որևէ պաշտոնական հրապարակում, որ եկեղեցին փակ է։ Այո, կառավարության կողմից կա հորդոր, որ մարդիկ չգնան տուրերի... բայց չխրախուսելը կամ հորդորելը արգելք չէ։ Մենք զանգել ենք պարետատուն և հարցրել՝ արյդո՞ք եկեղեցին փակ է, ասել են՝ զանգեք ոստիկանություն, ոստիկանություն ենք զանգում՝ ասում են՝ Հայաստանում փակ ճանապարհներ չկան, զանգեք պարետատուն։ Ու բնական է, որ այս պայմաններում շատ դժվար է աշխատելը՝ մի կողմից մեզ ասում են, որ թույլատրում են աշխատել, մյուս կողմից էլ՝ ժողովրդին ասում են՝ տուրերի մի գնացեք, այդ դեպքում ո՞րն է իմաստը՝ մեզ աշխատել թույլատրելու»։
Ռուբեն Բաղդիշյանի խոսքով, կառավարությունը տուրիստականներին թույլատրել է աշխատել՝ ասելով՝ եթե կարող եք՝ աշխատեք։
«Բացի այդ, մեզ շատ սխալ ձևով թույլատրեցին աշխատել։ Ոչ մի համակարգում, ոչ մի հսկողություն չիրականացվեց, բոլորին ասացին՝ եկեք ներքին տուրիզով զբաղվեք։ Ով արտագնա տուրիզմով էր զբաղվում, ասացին՝ արի ներքին տուրիզմ։ Այսինքն՝ գործը կորցրած կամ պարապուրդի ենթարկված ընկերություններին բերեցին ներքին տուրիզմ, և որևէ կերպ այդ հոսքը չկանոնակարգեցին։ Դա կարող է բերել ներքին տուր-օպերատորների կործանմանը։ Եթե կառավարությունը ժամանակին ճիշտ ուղղորդումներ աներ, ապա ներքին տուրիզմը կփրկվեր։ Եվ սխալ մոտեցման հետևանք է, որ ներքին տուրիզմն այսօր կանգնած է կործանման եզրին։ Այն այժմ աշխատում է «ջունգլիի օրենքներով»՝ ով ոնց կարողանում է»,- նշեց մեր զրուցակիցը։
Եվ թեև կառավորությունը 20-ից ավելի աջակցության ծրագրեր է իրականացնում, որոնց մի մասն ուղղված է անհատներին, իսկ մյուս մասը՝ տնտեսության տարբեր ոլորտներին աջակցելուն, այնուամենայնիվ, այդ ծրագրերը կարճաժամկետ էին և որպես այդպիսին լուծումներ չդարձան։
«Պետք է ռազմավարական, ստրատեգիկ քայլեր անեին, իսկ այս դեպքում եղավ ուղղակի գումար բաժանել՝ այն էլ սխալ թիրախավորմամբ և սխալ ֆիլտրներով։ Կոնկրետ տուրիզմի մասով այդ միջոցառումները թերացումներ ունեին, մասնագիտական մշակումների կարիք ունեին։ Ու կառավարությունը թերացավ հենց այդ փուլում, երբ ցայտնոտի մեջ արագ աջակցության միջոցառումներ մշակեց, որոնք թերի եղան։ Այնուամենայիվ, չեմ կարող ասել, որ կառավարությունն ընդհանրապես աջակցություն չցուցաբերեց»,- նշեց նա։
Անդրադառնալով քայլերին, որ պետք է կառավարությունն անի ներքին տուրիզմը փրկելու համար, Ռ. Բաղդիշյանն ասաց՝ առաջինը պետք է «Զբոսաշրջության պետական կոմիտեն» լուծարել ու վերակազմավորել։
Նրա խոսքով, անցած ամիսների ընթացքում վերոնշյալ կառույցը ցույց է տվել իր անզորությունն ու ոչինչ չանելու նուրբ արվեստին տիրապետելը։
«Կարող է ինչ-որ բան անում են, բայց դա շոշափելի և տեսանելի չէ։ Առաջնային պլանում դրված խնդիրները չեն լուծվում։ Երկրորդ քայլը պետք է լինի «Զբոսաշրջության պետական կոմիտեի» կանոնադրության փոփոխությունը։ Պետք է գործառույթների, պարտականությունների շրջանակ ձևավորվի, որից հետո նոր կազմով ստեղծվի նոր կոմիտե։
Այստեղ կարևոր է նաև կամավորների ներգրավումը, քանի որ կոմիտեն փոքր աշխատակազմ ունի։ Եվ եթե այն ավելի համախմբված ու ավելի թափանցիկ աշխատի, ապա հեշտ կլինի ոլորտի խնդիրներով զբաղվելը։ Այժմ մենք ինչ խնդրի բախվում ենք, կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ։ Այդ դեպքում ինչի՞ համար է այդ կառույցը, եթե ոլորտը չի համախմբում, ոլորտի խնդիրները չի ներկայացնում և դրանց լուծման մոդելներ չի մշակում։ Մեզ պետք է կոմիտե, որը կկարողանա նաև հակաճգնաժամային ծրագիր մշակել»,- ասաց նա։
Ռուբեն Բաղդիշյանի խոսքով, եթե կառավարությունը ցանկանում է, որ տուրիզմը զարգանա, ապա պետք է ուշադրություն դարձնի «Զբոսաշրջության կոմիտե»-ին, ինչպես նաև ոլորտում աշխատողների մասնագիտական կարողություններին:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ աջակցություն են ստանում կորոնավիրուսով ինքնամեկուսացված խոցելի խմբերը
- Աջակցության 8-րդ ծրագրի շահառուների թիվը համալվեց ևս 9 ոլորտով
- Քաղաքացիների 75 տոկոսը դժգոհ են կառավարության աջակցության ծրագրերից