GAIFF Pro -ն տեղի է ունենալու հուլիսյան օրերին և առցանց ձևաչափով
Թեև համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում, այնուամենայնիվ, հուլիսյան ծիրանային օրեր ու անակնկալներ կլինեն: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից հայտնում են, որ վաղուց արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց, մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։
«GAIFF Pro-ն, ինչպես ցանկացած միջազգային կինոշուկա, հիմնված է շփման և կապերի ստեղծման վրա, և ցավոք, ինչպես կարելի է եզրակացնել, այս տարի հնարավոր չի լինելու Երևանում կազմակերպել մարդաշատ հանդիպումներ ու միմյանց ներկայացնել կինոգործիչների աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն այն չի հուսահատեցնելու ոչ մեզ, ոչ մեզ սպասողներին, քանի որ GAIFF Pro -ն տեղի է ունենալու հենց հուլիսյան օրերին և առցանց: Փորձելու ենք մեր նպատակները հնարավորինս ադապտացնել առցանց հարթակների կանոններին, օգտագործելու ենք արդեն հայտնի դարձած Zoom հարթակը և մեր ողջ երևակայությունը իրական կինոշուկային չզիջելու համար»,-ասում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։
Նրա խոսքով՝ միջոցառումների տեսակների և քանակի տեսանկյունից առցանց ու իրական GAIFF Pro-ների միջև գրեթե տարբերություն չի լինելու: Լինելու են անհատական հանդիպումներ ընտրված նախագծերի և միջազգային կինոմասնագետների միջև, աշխատարաններ ընտրված նախագծերի համար, ինչպես նաև վարպետության դասեր, պանելային քննարկումներ և զրույցներ` նախատեսված հավատարմագրում ստացած բոլոր կինոմասնագետների համար:
Այս միջոցառումների մի մասը նաև բաց կհեռարձակվի GAIFF Pro -ի և «Ոսկե Ծիրան»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում` հասանելի լինելով ավելի լայն շրջանակների:
«Շուկայի բոլոր միջոցառումները դեռևս հաստատված չեն, բայց մի քանի գաղտնիքներ կարող ենք բացել: Շուկա ընտրված նախագծերը սկսելու են փիչինգի և նախագծերն օնլայն ներկայացնելու աշխատարաններն արդեն հունիսի 8-ից, մինչև շուկայի սկսելը, ինչի նպատակն է նրանց ավելի լավ նախապատրաստելը հանդիպումներին: Պանելային քննարկումները, զրույցները հիմնականում լինելու են համարտադրության, փառատոնային ռազմավարության և ֆիլմերի գովազդի մասին, ինչպես նաև կինոժառանգության պահմանման, կինոֆինանսավորման մասին: Շատ հետաքրքիր զրույց է լինելու Ատոմ Էգոյանի և վրացի երիտասարդ ռեժիսորների միջև: Մնացած միջոցառումների մասին կհայտարարենք ավելի ուշ»,-նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավարը։
Սոնա Կարապողոսյանի խոսքով՝ GAIFF Pro-ն այս տարի մոտավորապես 50 հայտ է ստացել։
«Եթե հաշվենք նախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաների հայտերը միասին, այս ամենը մոտ 10-15-ով զիջում է այն պատկերին, ինչն ունեինք նախորդ տարիներին: Ընդ որում՝ զարմանալին այն է, որ նվազել են Հայաստանից նախատեսվող հայտերը: Օրինակ` 2018 թ. Հայաստանից ունեինք 18 նախագիծ, իսկ այս տարի միայն 6-ն են: Եվ սա, իրոք ցավալի է, քանի որ անկախ այն փաստից, որ շուկա ընտրվում են ընդամենը երեք նախագիծ, մյուս հայկական նախագծերը երբեք չեն անտեսվում: Նախորդ երկու տարիներին էլ հայտ ներկայացրած բոլոր հայկական նախագծերը հնարավորություն են ստացել մասնակցել մի քանի աշխատարանների և փիթչինգ ունենալ: Լավագույն նախագծերն էլ արժանանում են ՀՀ վարչապետի մրցանակին, որը բավական զգալի աջակցություն է»,-նշում է Սոնա Կարապողոսյանը։
Նշենք, որ GAIFF Pro -ի շուկան ընդունում է նախագծեր Փոքր Կովկասյան տարածաշրջանից, իսկ կինոմասնագետներ են մասնակցում եվրոպական մի շարք երկրներից` Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից, Սլովակիայից, Նիդերլանդներից, ինչպես նաև ԱՄՆ-ից:
«GAIFF Pro հարթակն արդեն սկսել են ճանաչել միջազգային ասպարեզում և մարդիկ, ովքեր ցանկանում են համարտադրությամբ զբաղվել այս տարածաշրջանի հետ, սկսում են կապվել մեզ հետ, այցելելու ցանկություն հայտնել: Կա հետաքրքրություն անգամ նախորդ տարիների մասնակիցների նկատմամբ, տեղեկանալով մեզանից նրանց մասին, այս ռեժիսորներին հրավիրում են այլ կինոշուկաներ:
Հաջողություններ են գրանցում նաև մեր նախագծերը. օրինակ Լուսինե Սարգսյանի «Վարորդ» նախագիծն ընտրվել էր մասնակցելու Բեռլինի կինոշուկայի տաղանդների աշխատարանին, Մերի Աղախանյանի «Իռենի աշխարհը» մասնակցում էր «Երբ արևելքը հանդիպում է արևելքին» կինոշուկային և մրցանակի արժանացավ, Սիլվա Խնկանոսյանի ֆիլմը ներկայացվեց Լայպցիգի և Ռոտերդամի փառատոններում: Ես վստահ եմ, որ հաջորդ տարիներին նմանատիպ լավ նորություններ շատ ավելի հաճախ ենք լսելու»,-ընդգծում է Սոնա Կարապողոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա