Ֆիլհարմոնիկ նվագախմբի «Երազարտ» ծրագրի ամառային երաժշտական դպրոցն անցկացվում է առցանց ձևաչափով
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Երազարտ» ամառային երաժշտական դպրոցն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով։ Ամենամյա երաժշտական դպրոցն այս անգամ տեղի է ունենում հուլիսի 6-14-ը։
Նվագախմբից հայտնում են, որ մասնակից պատանի երաժիշտների հետ վարպետության դասեր են անցկացնում ոչ միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, այլև հրավիրյալ մենակատարներ ու «Երազարտ»-ի սաներ տարբեր երկրներից։
Դասընթացներ են անցկացնում Իտալիայից Պաոլո Ռիցուտոն (գալարափող, ՀԱՖՆ) և Մերի Խոջայանը (ջութակ, «Երազարտ»-ի սան, Հոլանդիա), Իսպանիայից Խուան Պարդո Խիլը (տրոմբոն, ՀԱՖՆ), ԱՄՆ-ից Վարդան Գասպարյանը (թավջութակ, «Երազարտ»-ի սան, Քոլբերն քոլեջ), Սիլվի Զաքարյանը (մարիմբա, Լոնջիի դպրոց, «Երազարտ»-ի խորհրդի անդամ) և Նառա Ավետիսյանը (դաշնամուր, «Երազարտ»-ի սան), Ռուսաստանից Կիրիլ Սոլդատովը (շեփոր, ՀԱՖՆ-ի մենակատար), Բելգիայից Հրայր Կարապետյանը (ջութակ, «Երազարտ»-ի սան), Հայաստանից Նարեկ Ավագյանը (ֆլեյտա, ՀԱՖՆ), Անդրանիկ Քոչարը (ֆագոտ, ՀԱՖՆ) և Հարություն Շախկյանը (հոբոյ, ՀԱՖՆ)։
Դասընթացներին մասնակցում են Սայաթ-Նովայի անվան, Պ․ Ի․ Չայկովսկու անվան, Մոկացյանի անվան, Ալ․ Սպենդիարյանի անվան, Ստ․ Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցների սաները, Երևանի Կոմիտասի անվան պետական և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիաների ուսանողները։ Նշենք, որ դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար:
«Մեզ համար շատ կարևոր է կրթել գալիք սերնդին՝ լավագույն մասնագետ-երաժիշտների փորձը և հմտությունները փոխանցելով նրանց։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի պատանիների համար դասեր կվարեն նաև «Երազարտ»-ի նախկին տարիների սաները, ովքեր արդեն մեծ հաջողությունների են հասել համաշխարհային բեմերում։ Մեր նպատակն է կրթել այնպիսի երաժիշտների, ովքեր, ի վերջո, իրենց տաղանդի ու կարողությունների շնորհիվ կհամալրեն հայաստանյան նվագախմբերը, կդառնան ճանաչված մենակատարներ»,-նշում է «Երազարտ»-ի ղեկավար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը։
Երաժշտական դպրոցը կեզրափակվի մասնակիցների առցանց համերգով, որը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 17։00։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա