Դավիթ Խաժակյանը՝ ԿԸՀ-ում. Իմ պնդումն է, որ Արման Բաբաջանյանին պետք է զրկել մանդատից
«Ընդդիմադիր խմբակցությունից պատգամավորի դուրս գալու և մանդատը վայր չդնելու որոշմամբ խախտվում է Հայաստանի Հանրապետության «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների միջև»,-ԿԸՀ ընթացող նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիմումը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը քննում է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիմումը՝ մեկ մանդատը վերականգնելու վերաբերյալ։
«Լուսավոր Հայաստան»-ը դիմումում նշել է, որ խորհրդարանի 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր, իսկ ընդդիմություն կարող է լինել բացառապես խմբակցության ներկայացուցիչը։
«Ավելին, Սահմանադրության 106 հոդվածի 2-րդ մասի համաձայն, մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, ինչպես նաև 108 հոդվածի համաձայն, քննիչ հանձնաժողովներում ևս տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ։ Հստակ տրամաբանությամբ, խմբակցությունից դուրս եկած պատգամավորը չի կարող ընդգրկվել հաձնաժողովի կազմում, այդ թվում լինել հանձնաժողովի նախագահ։ Ակնհայտ է, որ սահմանադիրը չի նախատեսել խմբակցությունից դուրս եկած պատգամավորների ինստիտուտը»,-ասված է դիմումում։
Կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը ԿԸՀ-ում հայտարարեց, որ այս իրավիճակում Արման Բաբաջանյանի խմբակցությունից դուրս գալով ու մանդատը վայր չդնելով խախտվում է ժողովրդի ազատ կամարտահայտության սկզբունքը։
«Մենք գտնում ենք, որ այս իրավիճակը պետք է արժանանա ԿԸՀ քննության ու վերականգնվի հարաբերակցությունը»,-ասաց Խաժակյանը։
Մուկուչյանը Խաժակյանից հետաքրքրվեց՝ ԿԸՀ-ն մանդատները բաշխելուց հետո դրանք վերաբաշխելու իրավասություն ունի՞, թե՞ ոչ։
ԼՀԿ ներկայացուցիչն ասաց՝ գործող կարգավորումներով այդ հարցը հստակեցված չէ։
«Բայց հստակ է մի բան՝ խախտված է համամասնությունը, բացի այդ, կան կարգավորումներ, որոնց համաձայն ԿԸՀ-ն խմբակցությունների ներսում որոշակի համամսնության պահպանման լիազորություն ունի։ Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի 100 հոդվածի 3-րդ կետի 2-րդ բաժինը, որտեղ սահմնավում է, օրինակ եթե սեռերի քվոտան խախտվում է խմբակցություններում, ԿԸՀ-ն դիցուք ունի նման լիազորություն։ Հիմա մենք խոսում ենք խմբակցությունների միջև քվոտայի մասին»,-մանրամասնեց Խաժակյանը՝ հիշեցնելով, որ ԼՀԿ-ն կոչ է արել Բաբաջանյանին վայր դնել մանդատը։
Մուկուչյանն ասաց, որ խորհրդարանի 132 մանդատը բաշխված են, եթե ԼՀԿ-ն պահանջում է վերականգնել մանդատը, ապա կլինի 133 մանդատ։
Խաժակյանը նկատեց՝ հարցը կարելի է կարգավորել երկու ուղիով, կամ հավելել մանդատները, կամ Բաբաջանյանին զրկել մանդատից։
«Օրինակ, մենք տարբեր քննարկումներ ենք ունեցել, իմ տեսակետն այն է, որ հենց Բաբաջանյանին մանդատից զրկելու ճանապարհով պետք է հարցը լուծել, քանի որ նա ընտրվել է համամասնական ցուցակով, տարածքային ցուցակով շատ քիչ ձայներ է ստացել ու չի կարող ինքնուրույն համարվել առանձին միավոր։ Մեր պահանջը խմբակցության 18 մանդատի վերականգնումն է»,-ասաց Խաժակյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն կքննարկի «Լուսավոր Հայաստանի» դիմումը
- «Լուսավոր Հայաստանը» ԿԸՀ-ից պահանջում է Բաբաջանյանի մանդատը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա