Ո՞ւմ է իշխանությունն առաջադրել ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում
«Խորհրդարանը պետք է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրի»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ իշխանական խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը։ Վերջինս ծնվել է 1983 թվականին, Երևան քաղաքում։ Սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում։
2002-2008 թվականներին աշխատել է ԿԲ վիճակագրության վարչությունում, իրականացրել է բանկերի ֆինանսական վիճակի ստուգում, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշ աշխատանքների համար։
2008 թվականից աշխատել է «Ամերիա» բանկում։ Անկուսակցական է, ամուսնացած է, ունի երկու զավակ։
Խոսելով իր տեսլականների մասին՝ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ մրցակցությունը ֆինանսական համակարգում, որին հասել է ԿԲ-ն, մեծ արժեք է, որը շատ հաճախ ճիշտ չի գնահատվում։
«ՀՀ-ում ֆինանսական համակարգը շատ լավ կարգավորված է բոլոր՝ ապահովագրական, բանկային համակարգում, ինչպես նաև արժեթղթային շուկայում։ Որոշ դեպքերում մեզ մոտ կարգավորումն ավելին է, քան անհրաժեշտ է։ Մեծ վստահությունը ֆինանսական համակարգի բոլոր խաղացողների նկատմամբ շատ մեծ ձեռքբերում է ԿԲ-ի համար։ Եվ վերջին ճգնաժամների ընթացքում պարզ դարձավ, որ այդ վստահությունը շատ կարևոր է՝ տնտեսական շոկին դիմակայելու համար»,- ասաց Հ. Խաչատրյանը։
Նրա կարծիքով, այնուամենայնիվ, համակարգում փոփոխության ենթակա որոշ բաներ կան։ Դրանցից առաջինը, ըստ նրա, դրամի կանխիկ շրջանառության նվազեցումն է.
«Մենք լրիվ կանխիկ տնտեսություն ունենք, բայց չի կարող լինել կապիտալի շուկա, որտեղ տնտեսվարող սուբյեկտների միջև հարաբերությունները դեռ կանխիկի աշխարհում են մնացել։ ԿԲ-ն կատարում է մեծ ծախսեր՝ կանխիկի շրջանառությունն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ, տնտեսվարողները խուսափում են անկանխիկ գործառնություններից։ Այստեղ պրոեկտ պետք է իրականացվի»։
Հ. Խաչատրյանի խոսքով, կարևոր խնդիր է նաև դոլարիզացիան, որը դեռ բավականին բարձր է։ Ըստ նրա, ակնհայտ է, որ դոլարիզացիայի մակարդակը թուլացնում է ՀՀ ֆինանսական համակարգը։
«Մեկ այլ խնդիր էլ ունենք բանկային համակարգի տեխնոլոգիական վերազինման հետ կապված։ Հայկական ընկերությունները հետ են մնում համադրելի երկնրերից շատերի բանկային համակարգերից։ Այս առումով պետք է խթանել ներդրումները։ Ակնհայտ է, որ սպառողական վարկերից եկող խնդիրները առաջին պլանում են, մենք չունենք արժույթի, գնաճի, կապիտալի արտահոսքի և իրացվելիության խնդիրներ, մենք ունենք սոցիալական խնդիր, որը գալիս է սպառողական վարկերից։ Դրանց տեսակարար կշիռը մեզ մոտ բավականին բարձր է՝ 0.9 տրիլիոն՝ ընդհանուր 4 տրիլիոն գումարից »,- նշեց նա։