Եթե երկրի նախագահը չստորագրի և չդիմի ՍԴ, ես մեծ հաճույքով կստորագրեմ «ՍԴ մասին» օրենքը. Արարատ Միրզոյան
«ՍԴ նախկին անդամներն, իհարկե, իրավունք ունեին դիմելու ՄԻԵԴ, ինչը և արել են։ Բայց ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պետք է ընդունի, թե ոչ, տեղյակ չեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Դիտարկմանը, որ ՀՀ նախագահն անձամբ ասել է, թե ինքը մի քանի անգամ ՍԴ անդամի թեկնածուներ է առաջադրել, բայց ԱԺ-ն չի ընդունել, ուստի պետք է 3 անդամ նշանակի նախագահը, 3 անդամ ԱԺ-ն և 3 անդամ էլ՝ Կառավարությունը, ԱԺ նախագահն արձագանքեց՝ Հանրապետության նախագահի առաջադրած ՍԴ երեք անդամներից երկուսին խորհրդարանը չի ընտրել, իսկ մեկին ընտրել է։
«Գործող սահմանադրական կարգավորումներով դատարանակազմ մարմինները առաջարկում են թեկնածուներ, իսկ ընտրությունը թողնված է ԱԺ-ին։ Այսինքն՝ վարվել ենք այնպես, ինչպես նախատեսում է Սահմանադրությունը։ Հիմա այն, ինչ առաջարկում է Հանրապետության նախագահը, ենթադրում է սահմանադրական փոփոխություններ։ Գիտեք, որ գործում է սահմանադրական փոփոխությունների մշակող հանձնաժողով, և կարծում եմ, որ Հանրապետության նախագահը պետք է դիմի այդ հանձնաժողովին։ Բայց և այնպես, ըստ իս, որ գործող մեխանիզմը բավականին հաջող է»,- նշեց Ա. Միրզոյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում խնդրի լուծումը, որ քվորում չլինելու արդյունքում ՍԴ նիստեր չեն լինում, ԱԺ նախագահը պատասխանեց՝ ես զերծ կմնամ մեկնաբանել իրենց ներքին աշխատանքային հարաբերությունները։
Դիտարկմանը, որ «ՍԴ մասին» օրենքը երկրի նախագահը չի ստորագրել, և եթե նա 21-օրյա ժամկետում չստորագրի, կամ չդիմի ՍԴ, ապա 5-օրյա ժամկետում այդ օրենքը պետք է ստորագրի ԱԺ նախագահը, Արարատ Միրզոյանը արձագանքեց՝ մեծ հաճույքով կստորագրեմ։
«Ես այս թեմայով Հանրապետության նախագահի հետ չեմ խոսել, կստորագրեմ մեծ հաճույքով, երբ ինձ օրենքը լիազորություն տա ստորագրելու։ 21-օր հետո ինձ տրվում է այդ օրենքը ստորագրելու իրավունք։ Կան կարծիքներ՝ երբ Հանրապետության նախագհը ԱԺ նախագահին նամակով տեղեկացնում է, որ չի ստորագրելու խորհրդարանի ընդունած օրենքը, ապա այդ պահից ԱԺ նախագահը կարող է ստորագրել տվյալ նախագիծը։ Մի շարք իրավաբաններ էլ կարծում եմ, որ անկախ նախագահի նամակից, նրան օրենքը ստորագրելու համար տրվում է 21 օր ժամանակ, և դրանից հետո, երկրի նախագահի կողմից օրենքը չստորագրելու և ՍԴ չդիմելու դեպքում, ԱԺ նախագահը հնարավորություն է ստանում օրենքի նախագիծը ստորագրել կամ չստորագրել»,- ներկայացրեց Արարատ Միրզոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան