Սիսակ Գաբրիելյանը չբացառեց, որ դիմակների տուգանքը կարող է սահմանվել 150 հազար
«Չեմ կարող բացառել, որ, այդ թվում՝ նաև ձեր խմբակցությունից որևէ մեկը, վաղը կառաջարկի դիմակների տուգանքը սահմանել 150 հազար դրամ»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիեկլայնը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:
Վերջինս հիշեցնելով, որ օրագարգից հանվել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում էր բաց տարածքներում դիմակ չկրելու դեպքում տուգանքը 10 000 դրամից հասցնել 20 000 դրամ, իսկ փակ տարածքներում՝ 10 000-ից հասցնել 50 000 դրամ՝ հայտարարեց, որ շատ քաղաքացիների հետաքրքրում է, թե նախագիծը ընդհանրապես է հանվել, թե որոշ փոփոխություններով, այնուամենայնիվ, վերադարձվելու է ԱԺ և լինելու են տուգանքների ավելացում:
«Նախագիծն այս պահին շրջանառությունից հանված է, իսկ կգա, թե չի գա՝ ոչ ես, ոչ դուք, ոչ էլ որևէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորի սահմանադրական իրավունքը՝ ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն»,- պատասխանեց Սիսակ Գաբրիելյանը:
Պատգամավորը շեշտեց, որ քննարկումները շարունակվում են և մասնագետների մի մասը Վրաստանի օրինակով գտնում է, որ արդյունավետության հիմքը եղել են բարձր տուգանքները, իսկ մյուս մասը գտնում է, որ այդ ճանապարհով չպետք է գնալ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը շեշտեց, որ նոր նախագիծ ներկայացնելու հավանականության մասին ոչինչ չի կարող ասել: