Ակունքի հանքավայրի գործով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազություն
ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հունիս ամսին ստուգում է իրականացրել Արագածոտնի մարզի Ակունք համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ Ակունք համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող հողատեսքերից 0.3791հա մակերեսով, այլ հողատեսքերից 0.838հա մակերեսով և 1.0692հա մակերեսով արոտավայր հողատեսքից՝ 2017թ. հունիսի 17-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ, լեռնահատկացման ակտով և ընդերրքօգտագործման պայմանագրով՝ ՍՊ ընկերության կողմից կատարվում է քարի արդյունահանման աշխատանքներ:
Համայնքի ղեկավարի 05.05.2015թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 3.1հա մակերեսով տարածք է տրամադրվել ուղիղ կտրվածքով քարի արտադրություն կազմակերպելու համար, կնքվել է վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը 60000 դրամ գումարով, որը նոտարական վավերացում և պետական գրանցում չի ստացել։