ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանների՝ անհարգալից վերաբերմունքի պատճառով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընդմիջումից հետո ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» դատավարություն հետաձգվեց։ Ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանի հարցաքննությունից հետո նիստն ընդմիջվեց 40 րոպե։ Այդքան ժամանակ խնդրեց Գագիկ Եղիազարյանի և Վարուժան Ավետիսյանի պաշպան Տիգրան Եգորյանը։ Ընդմիջումից հետո դատավարությունը չվերսկսվեց, քանի որ ներկա չէին պաշտպաններ Դիաննա Ղազարյանը, Անի Գրիգորյանը, Տիգրան Եգորյանը։
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ ընդմիջման ժամանակ դատարանը ստացել է Տ. Եգորյանից միջնորդություն, որով տեղեկացնում է, որ դատական նիստից կուշանան 20-30 րոպե։ Միջնորդության համաձայն. «Այս անսպասելի հետևանքն առաջացել է, քանի որ 40 րոպե ընդմիջումը խնդրել էինք՝ ենթադրելով, որ հնարավորություն կունենանք աշխատելու դատական նիստերի դահլիճում ընդմիջման ժամանակ, սակայն կարդագրիչները խնդրեցին դուրս գալ՝ չընձեռելով նման հնարավորություն, ինչի արդյունքում ստիպված եղանք պաշտպաններով իջնել դատարանի հարակից տարածքում գտնվող սրճարանում աշխատանքային քննարկում իրականացնելու նպատակով»։
Մեղադրող դատախազն ասաց, որ բերված պատճառաբանությունը չի կարող համարվել հարգելի, նրանց բացակայությունը՝ նույնպես։
Տուժող կողմն էլ դժգոհություն հայտնեց՝ նշելով, որ ամեն անգամ կես ժամ ուշացումով է գալիս նիստին. «Ամեն անգամ նույն պատմությունն է»։
Այսօր նախատեսված էր նաև ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանի ցուցմունքը։
Դատավորն ասաց. «Դատարանը որևէ պարտավորություն չունի որևէ մեկին, մասնավորապես դատավարության մասնակիցներին դահլիճ տրամադրել, որպեսզի խորհրդակցություն, քննարկում իրականացնեն։ Պաշտպանները նիստից նիստ բավարար ժամանակ ունեն հանդիպել, քննարկել, մշակել իրենց մարտավարությունը։ Դատարանն այս վարքագիծը, հատկապես պարոն Եգորյանի կողմից, դիտարկում է արդեն պաշտպանական իրավունքների չարաշահում։ Բացի սա, վերջինս ուշանում է դատական նիստերից, արժանանում դատական սանկցիայի, բայց ոճը նորից շարունակվում է։ Դատարանը գտնում է, որ պարոն Եգորյանի կողմից ուշացումներն արհեստականորեն գործը ձգձգելու միտում է հետապնդում։ Սա առնվազն անհարգալից վերաբերմունք է դատարանի, դատավարության մասնակիցների նկատմամբ։
Դատարանը գտնում է, որ պաշտպանները չարաշահում է իրենց դատավարական լիազորությունները, դատարանի նկատմամբ ցուցաբերում են անհարգալից վերաբերմունք։ Դատարանը որոշում է հետաձգել գործի քննությունը ու չսպասել նրանց, քանի որ նման պարտավորություն չունի, նաև հաջորդ նիստին նրանց վարքագծին կանդրադառնա այստեղ նրանց բացատրությունները լսելուց հետո»։
Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 15-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Համոզված եմ՝ Էդգար Սողոմոնյանին ճնշել են՝ իրենց համար ցանկալի բովանդակությամբ ցուցմունք տա»
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ. Շատ բաներում իմ ու Պավլիկի մտքերը հակասում են
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալն ասելու բան ունի, բայց չի հիշում
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարություն. «Թորոս Թորոսյանի ամբողջ ցուցմունքը սուտ է»
- ՊՊԾ գնդի գրավման գործով վկան հրաժարվեց նախկին ցուցմունքից
- ՊՊԾ գնդի գործով ցուցմունք տված մեղադրյալը ցանկանում է կրկին ցուցմունք տալ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները