Եռաշերտ դիմակները շուկայում 90-120 դրամով են վաճառվում. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու
«Կառավարությունը ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում առաջադել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Հանձնաժողովի անդամի թեկնածուն ԱԺ ամբիոնից ասաց, որ իր պաշտոնավարման նախկին ժամանակահատվածում հարուցվել են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման տասնյակից ավելի վարչական վարույթներ։
«ՀՀ-ում արդյունավետ մրցակցության միջավայրի ձևավորման և տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրական դրույթների պահպանման նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով 2020 թվականին հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություններ իրականացնել հեռուստատեսության և թվային հարթակի միջավայրում գովազդի տարածման ոլորտում ևս»,- տեղեկացրեց նա։
Նա նշեց նաև, որ համավարակի ընթացքում ուսումնասիորթյուններ են անցկացվել նաև դիմակի և ախտահանիչ նյութերի, ինչպես նաև պարենային մի շարք ապրանքների (կարագ, շաքարավազ, ձու) շուկաներում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, դիմելով Կարեն Սեդրակյանին, ասաց, որ բժշկական դիմակների գինը մեծածախ վաճառքի դեպքում 50-60 դրամ է, մինչդեռ մարզեր հասնելով դրանց գինը 200 դրամ է դառնում. «Եվ թոշակառուներն, օրինակ, ստիպված են լինում ամսական մեկ դիմակ գնել ու ողջ ամսվա ընթացքում դա դնել։ Ինչպե՞ս պետք է այս շրջանում կարգավորվի դիմակի գինը, որպեսզի մատների վրա հաշված տնտեսվարողները գերշահույթ չստանան»։
Պատասխանելով պատգամավորի հարցին, Կ. Սեդրակյանը նշեց, որ այս պահին դիմակների մասով վարույթ է ընթանում և ուսումնասիրվում է շուկան։
«Ընթացքում Ձեր բարձրացրած հարցերի պատասխանները կստանաք։ Ուսումնասիրությունից հետո ամբողջական տեսքով կներկայացնենք ստացված պատասխանները։ Ինչ վերաբերում է մարզերում ավելի բարձր գնով վաճառքին, այդ մասն էլ կուսումնասիրենք։ Հավելեմ, որ մինչ օրս արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդպիսի տարբերակ չկա, որ 20 դրամով ձեռք բերված դիմակը վաճառված լինի 200 դրամով»,- նշեց նա։
Ս. Գրիգորյանն էլ արձագանքեց՝ երեկ Սիսիանի սուպերմարկետներից մեկում եռաշերտ դիմակը վաճառվել է 200 դրամով։
Ի պատասխան՝ Կ. Սեդրակյանը խնդրեց տրամադրել խանութի տվյալները, քանի որ այս պահին եռաշերտ դիմակները շուկայում 90-120 դրամով են վաճառվում։