Ձեր կրթությունը, գործն ու խոսքն ի չարս է օգտագործվելու. Ալևոր լոռեցու զգուշացումը պատգամավորներին
«Ոնց որ թե բոլորդ կրթված մարդիկ եք, բայց այդ կրթությունը օգտագործում եք, ոչ թե ազգը միավորելու կամ ազգային ներուժն օգտագործելու համար, այլ ազգը ջլատելու կամ միմյանց վնասելու ուղղությամբ»,- խորհրդարանականներին ուղղված լոռեցի ալևորի խոսքը ԱԺ ամբիոնից փոխանցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, և շեշտեց, որ նրան հադիպել է մարզային այցի ժամանակ և վերջինս է խնդրել իրեն դա անել:
Պատգամավորի խոսքով, ծերունին ասել է, որ եթե պատգամավորներն այդ ճանապարհով գնան, ապա որևէ օգուտ չեն բերի ժողովրդին՝ ինչքան էլ խոսեն ժողովրդավարությունից կամ այլ նպատակներից:
«Ձեր կրթությունը, գործն ու խոսքն ի չարս է օգտագործվելու և որևէ օգուտ չի տալու, անգամ ձեր լռությունն անհետաքրքիր է դառնալու»,-ծերունու խոսքը փոխանցեց Սիմոնյանը:
Ալևորը պատգամավորին խնդրել է ԱԺ ամբիոնից հայտնել, որ կիրթ կամ անկիրթ, գրագետ կամ անգրագետ, բարի կամ չար մարդիկ միմյանցից տարբերվում են ոչ թե դիպլոմով կամ ճառերով, այլ մի պարզ տրամաբանությամբ՝ թե հանուն ընդհանուր բարիքի նրանք պատրա՞ստ են փնտրել միավորող ճանապարհներ, թե հանուն տարանջատող ճանապարհների, մարդկանց ջլատելու՝ պատրաստ են գտնել չարիքներ:
Իր խոսքի վերջում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը հույս հայտնեց, որ լոռեցի ալևորի խոսքերը հիմք կլինի պատգամավորների խոսքերն ու գերծերն վերաիմաստավորելու համար: