Ո՞ւմ և ի՞նչ ընթացակարգով կտրամադրվի հանքարդյունահանման իրավունք
«Քայլեր ենք անում ընդերքի ավելի արդյունավետ և ռացիոնալ օգտագործման ուղղությամբ»,- խորհրդարանում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը՝ ներկայացնելով «ՀՀ ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, նախագծով առաջարկվող առաջին և ամենակարևոր փոփոխությունն այն է, որ այսուհետ արդյունահանման թույլտվություններ չեն տրամադրվի, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարները ուսումնասիրված և հաստատված չեն վերջին՝ մետաղականի համար 5 տարվա, իսկ ոչ մետաղականի համար՝ 10 տարվա ընթացքում։
Գործող կանոնակարգով, լիազոր մարմինը տալիս է արդյունահանման իրավունք՝ հիմնվելով խորհրդային տարիների ուսումնասիրությունների տվյալների վրա, այնինչ՝ ոլորտը փոփոխական է։
«Մենք այսուհետ արդյունահանման իրավունք կտանք միայն թարմ տվյալների հիման վրա։ Սա կարևորագույն փոփոխություններից մեկն է։ Հաջորդ փոփոխությունը սրա հետ է փոխկապակցված։ Առաջարկում ենք, որ ուսումնասիրության բոլոր ընթացակարգերը տնտեսվարողի հետ կարգավորվեն։ Այստեղ կարևոր կետ ենք առանձնացրել՝ առանձին պաշարների ուսումնասիրության համար կոնկրետ ուղի կմշակվի»,- տեղեկացրեց նա։
Ինչպես նաև, փոխնախարարի խոսքով, նախատեսվում է հանքավայրերը միայն ամբողջ պաշարով տրամադրել, այսինքն՝ կարգելվի հանքավայրը բաժանել մի քանի տնտեսվարողների միջև։
«Այսօր ընդերքօգտագործման թույլտվությունը տրվում է 50 տարով, իսկ մենք առաջարկում ենք այդ ժամկետը մետաղականի դեպքում կրճատել մինչև 25 տարի, իսկ ոչ մետաղականի համար՝ մինչև 15 տարի։ Բայց երկարացման հնարավորությունը միշտ կա»,- ասաց Լիլյա Շուշանյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նման հրատապությամբ այսպիսի կարևոր հարցը քննարկվում.
«Դուք ներկայացրել եք 55 էջանոց փաստաթուղթ, և դա կարդալ և վերլուծել է պետք։ Օգնեք մեզ հասկանալ՝ ինչպես 24 ժամյա ռեժիմով ըմբռնել այս փոփոխությունները։ Կնրեկայացնե՞ք, թե ինչ դրական և բացասական հետևանքներ կարող է ունենալ բերված նախագիծը»։
Պատասխանելով՝ Լ. Շուշանյանը նշեց, որ նախագիծը քննարկվել է մասնագետների հետ։
«Այս առումով փոփոխությունները դրական են, և ոչ թե ֆինանսական, այլ ռացիոնալ ընդերքօգտագործման տեսանկյունից։ Ներդրումային դաշտի վրա ևս բավականին դրական ազդեցություն է ունենալու օրենքի նախագիծը, քանի որ հստակեցվել է ընդերքօգտագործման կարգը»,- ասաց փոխնախարարը։