Կա՞ որևէ նպաստ, որից մարդը զրկվում է վարձու աշխատանքի անցնելու դեպքում. պատգամավոր
«Միկրոձեռնարկատիրությունների վարձու աշխատողները կկարողանան երեխայի խնամքի և ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալ»,- խորհրդարանում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, գործող իրավակարգավորումների համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը, ըստ էության, չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք։
«Այս անձինք, ըստ էության, վճարում են եկամտահարկ ֆիքսված չափով՝ ամսական 5000 դրամ։ Սա խնդիրներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում։ Առաջարկվող փաթեթով առաջարկվում է կարգավորել այդ հարցը։ Այսինքն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտն իր կարգավիճակից անցում է կատարում դեպի աշխատող անձի կարգավիճակի։ Եվ այդ փուլում տվյալ աշխատողը կարող է ստանալ երեխայի խնամքի համար նախատեսված գումար, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակի նպաստ։ Հաշվի առնելով այս անձանց հարկման համակարգի առանձնահատկությունները՝ այդ նպաստները կհաշվարկվեն նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ով»,- մանրամասնեց փոխնախարարը։
Ս. Սաիյանի խոսքով, գործող օրենսդրության համաձայն՝ վարձու աշխատողները համարվում են չաշխատող անձինք, և իրավունք ունեն՝ որպես չաշխատող անձ ստանալ հղիության և ծննդաբերության ժամանակահատվածի համար մայրության նպաստ, ուստի ժամանակավոր անաշխատունակության նպաստների և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի հետ կապված որոշակի կարգավորումներ են սահմանվելու։
Փոխնախարարն ասաց՝ պարտադիր պայման է սահմանվում, որ աշխատողը ժամանակավոր անաշխատունակ դարձած լինի 2020 թվականի հունվարի մեկից հետո։ Իսկ մայրության նպաստի հետ կապված՝ սահմանվում է, որ այս նպաստը գործատուն կվճարի այն կանանց, որոնք օրենքի ընդունումից հետո կգնան ծննդաբերության արձակուրդ։ Իսկ ահա խնամքի նպաստը կտրամադրվի անկախ բոլոր հանգամանքներից, քանի որ դրան փոխարինող որևէ ծրագիր այժմ չկա։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվեց՝ քանի՞ շահառու կօգտվի նոր օրենքով սահմանված օժանդակությունից.
«Ուզում եմ հասկանալ՝ քանի՞ մայր ու մանուկ է նախկինում զրկվել նպաստից»։
Պատասխանելով հարցին՝ Ս. Սաիյանն ասաց, որ այս պահին հստակ թիվ չկա, քանի որ նախագիծը ենթադրում է խորքային վերլուծություններ.
«Բայց վերապահումով պետք է ասենք, որ այդ մարդիկ զրկվել են այդ իրավունքից, քանի որ նրանք մինչև 2020 թվականն էլ են ստացել մայրության և երեխայի խնամքի նպաստ»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն էլ հետաքրքրվեց՝ կա՞ որևէ նպաստ, որից մարդը զրկվում է վարձու աշխատանքի անցնելու դեպքում։
Ի պատասխան փոխնախարարը նշեց՝ Հայաստանում կա երկու տեսակի նպաստ՝ իրավունքի վրա հիմնված և կարիքի վրա հիմնված։
«Սրանց տարբերությունն այն է, որ իրավունքի վրա հիմնված նպաստի պարագայում անձը ստանում է այդ աջակցությունը՝ անկախ իր սոցիալական վիճակից, օրինակ՝ երեխան ծնվեց, ծնողին տրվում է միանվագ նպաստ։ Երեխայի խնամքի նպաստը ևս նույն սկզբունքով է տրվում։ Կան նաև նպաստներ, որոնք տրվում են կարիքի հիման վրա, դրանք ընտանեկան նպաստներն են։ Իհարկե, մենք միտված ենք, որ վերացվի նպաստ ստանալու համար ստվերային տնտեսություն գնալու պրակտիկան։ Բայց և այնպես, սա չի նշանակում, որ աշխատող ու բարձր եկամուտ ունեցող մարդը հնարավորություն կունենա ստանալ ընտանեկան նպաստ։ Սա նշանակում է, որ երբ անձն անցնում է աշխատանքի, նրան տրվում է որոշակի ժամանակ, որի ընթացքում ինքը ստանում է թե՛ իր աշխատավարձը, թե՛ նպաստը։ Եվ վեց ամիս հետո այդ նպաստը վերցվում է»,- նշեց Ս. Սաիյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ և ի՞նչ ընթացակարգով կտրամադրվի հանքարդյունահանման իրավունք
- Կարծում եմ՝ ողջ «Իմ քայլը» խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, բայց չի արել. Գորգիսյան