Պատգամավորը դիմեց իրավապահներին՝ գնալ քաղաքացիների ահազանգերի հետքերով
«Վերջերս տեղեկություններ եմ ստանում այն մասին, որ քաղաքացիները, որոնք կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում և իրենց առաջարկում են՝ հարազատի մահը գրանցել իբր կորոնավիրուսի հետևանք»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով, մի քանի նման դեպքով ինքը փորձել է ճշտումներ անել, սակայն չի ստացվել.
«Վերջում պարզվել է, որ ընդամենը մի զանգ է եղել, կամ չի եղել։ Ես այստեղ տեսնում եմ որոշակի միտումներ և սադրանքներ։ Ելույթիս նպատակը հետևյալն է՝ ես կոչ եմ անում մեր ազգաբնակչությանը և խնդրում, որ նման դեպքերում անմիջապես այդ զանգերի մասին հայտնեն ոստիկանությանը, կապի ցանկացած միջոցով ներկայացնեն հանգամանքները, որպեսզի մենք հնարավորություն ունենանք տեղում ստուգելու այդ տեղեկատվությունը և պարզելու՝ արդյո՞ք այդպիսի բան կա, թե ոչ։ Այդ դեպքում մենք կպարզենք՝ ովքեր են փորձում նման ստահոդ տեղեկություններ տրամադրել, կամ ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդել»,- նշեց պատգամավորը։
Արմեն Խաչատրյանը ոստիկանությանը և ԱԱԾ-ին խնդրեց ուշադիր լինել նշված հանգամանքների և փաստերի նկատմամբ.
«Որոշ ժամանակ անց, ես՝ որպես պատգամավոր հարցում եմ անելու այդ կառույցներին, որ իմանամ՝ նման դեպքեր եղել են, թե ոչ»։