ԱՄՆ-ը դրամական նոր հատկացում է կատարել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար
ԱՄՆ-ի կառավարությունը «Նովավաքս» ընկերությանը 1 միլիարդ 600 միլիոն դոլար է շնորհել կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութը փորձարկելու ու արտադրելու համար, որը հաջողության դեպքում, 2021 թվականի հունվար ամսին կունենա 100 միլիոն չափաբաժին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ինչպես ընկերության գործադիր տնօրեն Ստենլի Էրքն է ասում, հաջողության դեպքում նշված հարյուր միլիոն չափաբաժնի արտադրությունը կսկսվի այս տարվա չորրորդ եռամսյակից ու կավարտվի հունվար-փետրվար ամիսներին:
Այս գումարը կծառայի նաև փորձարկումների երրորդ փուլն անցկացնելուն: Սա այն փուլն է, երբ փորձարկումներն իրականացվում են մարդկանց վրա, ինչը կարող է սկսել հոկտեմբերից:
Հիշեցնենք, որ մարտ ամսին նույն պատվաստանյութի համար 456 միլիոն դոլար է հատկացվել Johnson & Johnson's և 486 միլիոն դոլար` Moderna ընկերություններին: ԱՄՆ-ի կառավարությունը Emergent Biosolutions ընկերությանն է հատկացրել 628 միլիոն դոլար հայրենական արտադրության ծավալները մեծացնելու հնարավորություն ստեղծելու համար:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը ներկայումս համարում են պատվաստանյութի ստեղծումը, հիվանդություն, որին մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան կես միլիոն մարդ ամբողջ աշխարհում:
«Նովավաքս»-ը մինչև մայիս չէր իրականացրել մարդկանց անվտանգության հարցով փորձեր: Ուշացած փորձերի պատճառն այն է, որ պատվաստանյութն աճեցվում է միջատների բջիջներում, գործողություն, որի համար պահանջվում է երեսուն օր, որից հետո միայն գիտնականները կարող են սկսել զտման գործողություններ:
«Նովավաքս»-ը արտադրամասեր ունի նաև Չեխիայի Հանրապետությունում և ծրագրում է երկու գործարան հաստատել Եվրոպայում ու Ասիայում: Հնդկաստանում գործարան ունենալու դեպքում ամեն ամիս ծրագրում է արտադրել 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ: