Դուբայում սկսել են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին
Չնայած աշխարհում տարածված COVID-19-ի համաճարակին, Դուբայը սկսել է ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին: Հայտնել է «Associated Press»-ը:
Ժամանողները թռիչքից առնվազն 96 ժամ առաջ պետք է հանձնեն կորոնավիրուսի թեստ և ինքնաթիռ նստելիս ներկայացնեն թեստի բացասական արդյունքի մասին փաստաթուղթ: Եթե նրանք առանց այդ արդյունքների թռչեն Դուբայ, ապա կթեստավորվեն երկիր ժամանելուն պես, և կմեկուսացվեն մինչև արդյունքների ստանալը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, թեստի արդյունքները հայտնի են դառնում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում:
Բացի այդ, նրանք պետք է ունենան արտասահմանյան ճանապարհորդության համար նախատեսված ապահովագրություն, որը կծածկի COVID-19-ով վարակվելու հավանականությունը, կամ հայտարարություն ներկայացնեն, որով կպարտավորվեն կրել բուժման և մեկուսացման հետ կապված բոլոր ծախսերը:
Հյուրանոցների մուտքի մոտ զբոսաշրջիկները ջերմաչափվելու են: Յուրաքանչյուր սենյակում կդրվեն ախտահանող պարագաներ: Զբոսաշրջիկները հանգստանալիս ստիպված կլինեն կրել դիմակ, նրանց խորուրդ է տրվում կրել և պարբերաբար օգտագործել ձեռքի գել, որը ոչնչացնում է վիրուսները:
Դուբայի հյուրանոցային ցանցերի տերերը պնդում են, որ նրանց մոտ հանգստանալն անվտանգ է: 2019-ին 16,7 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Դուբայ, իսկ մեկ տարի առաջ՝ 15.9 միլիոն:
Էմիրությունները զբոսաշրջիկներ են ընդունում հիմնականում Հնդկաստանից, Սաուդյան Արաբիայից, Միացյալ Թագավորությունից, Օմանից, Չինաստանից, Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից: Մեկ տարվա ընթացքում Դուբայի 741 հյուրանոցները 75%-ով զբաղեցված են եղել, և միջին ցուցանիշներով զբոսաշրջիկներն այնտեղ մնում են երեք ու կես օր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա