«Համոզված եմ՝ Էդգար Սողոմոնյանին ճնշել են՝ իրենց համար ցանկալի բովանդակությամբ ցուցմունք տա»
«Իմ գնահատմամբ, ապրելով այդ միջավայրում, խցում ծանոթ լինելով ներքին շատ բաների, համոզված եմ՝ Էդգար Սողոմոնյանին ճնշել են, դրդել, համոզել, որ նա իրենց համար ցանկալի բովանդակությամբ, իրականությունից տարբերող ցուցմունք տա»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» այսօրվա դատավարությանն ասաց ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը։
Նա պատմեց, որ կալանավորվելուց երեքուկես ամիս հետո իրեն տեղափոխել են այլ խուց, որտեղ եղել է մի անձնավորություն, որը ներկայացել է՝ «կագեբեյշնիկ» է, թելադրրում էր, թե խցում եղած մարդկանցից ով ինչ անի, փորձել է նաև իր վրա ճնշումներ գործադրել։
«Նա պատմել է, որ այստեղ եղել է նաև Էդգար Սողոմոնյանը։ Նա հենց այդ մեխանիզմի մի օղակն էր, որը բարոյական ճնշումների միջոցով, հետո էլ բարի քեռի ներկայանալով, ուղղորդում էր։ Նա ազդեցություն է ունեցել Էդգարի տված ցուցմունքների վրա։ Նույնը փորձել է անել ինձ հետ, շատ առաջ չի գնացել, տեսել է, որ հաջողության չի հասնում, առաջ գնալու իմաստ արդեն չկար։ Իմ տպավորությունն այն էր, որ Էդգարի դեպքում հասել է հաջողության՝ ստեղծելով դժոխային պայմաններ նրա համար»,- ասաց Գ.Եղիազարյանը։
Նշենք, որ այս գործով մեղադրյալներից Էդգար Սողոմոնյան քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի ընդունման հիմքով: Գործով ամբաստանյալներից Պավել Մանուկյանը մի քանի անգամ պնդել է՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում է հասցրել ոչ թե Արմեն Բիլյանը, այլ պատահական կրակոցով թևից հրազենային վիրավորում է հասցրել սույն գործով այլ ամբաստանյալ՝ Էդվարդ Գրիգորյանը: Իսկ նիստերից մեկի ժամանակ Արմեն Բիլյանը, դիմելով Էդգար Սողոմոնյանին, ասել էր. «Էդգար, դու իմ վրա կեղծ ցուցմունք ես գրել, հիմա շատ կարևոր է… Դու բարոյականություն ունենաս՝ Գագիկ Մկրտչյանի կնոջը պատասխանի: Էդգար, պետք է քո սխալն ուղղես։ Դու կեղծ ցուցմունք ես տվել, 10 հազար դրամ են քեզ տվել ու նույն օրը տուն ես գնացել: Իմ վրա գրել ես այն, այն ինչ քեզ ասել են: Դու տեսե՞լ ես, որ ես կրակել եմ, խփել»։
Գ.Եղիազարյանը նաև պատմեց, որ Գագիկ Մկրտչյանի ուղղությամբ ինչ-որ տեղից կրակոց արձակվել է, վիրավորվել է թևից։ Ինքը չի տեսել վիրավորվելու պահը։
«Իմ տեսածների հիման վրա պատկերացումներ ունեմ, կարծում եմ, համոզմունք ունեմ, որ Էդվարդ Գրիգորյանը չէր կարող լինել։ Երբ պետք է այդ դեպքերը զարգանային, դրանից շատ կարճ ժամանակ առաջ ես տեսել եմ Էդվարդ Գրիգորյանին Մխիթարի ճակատը վիրակապելուց։ Ըստ իմ պատկերացրածի, այո, նա չէր կարող լինել»։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ. Շատ բաներում իմ ու Պավլիկի մտքերը հակասում են
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալն ասելու բան ունի, բայց չի հիշում
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարություն. «Թորոս Թորոսյանի ամբողջ ցուցմունքը սուտ է»
- ՊՊԾ գնդի գրավման գործով վկան հրաժարվեց նախկին ցուցմունքից
- ՊՊԾ գնդի գործով ցուցմունք տված մեղադրյալը ցանկանում է կրկին ցուցմունք տալ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը վկային մեղադրեց ստելու մեջ
- Արմեն Բիլյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով մյուս մեղադրյալին. «Դու կեղծ ցուցմունք ես տվել»
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությանը հարցաքննվում են բժիշկները
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց