«Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չկար, հիմա կա, քանի որ նիստ տեղի չի ունենում»
«2015 թվականի սահմանադրական փոփոխություններով այնպիսի համակարգ ստեղծվեց, որով սահմանադրական մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կարողանա ամեն ինչ ձևավորել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով, անկախ նրանից, թե ով է ներկայացնում ՍԴ անդամի թեկնածուներին, խորհրդարանական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն է որոշելու՝ ում նշանակել։ Պատգամավորը հիշեցրեց, որ երկրի նախագահը ՍԴ անդամի 3 թեկնածու էր առաջադրել, որոնցից երկուսին խորհրդարանական մեծամասնությունը չէր ընդունել՝ ցույց տալով, որ մերժելու է իր կողմից անցանկալի թեկնածուներին, անկախ նրանց ունեցած մասնագիտական կարողություններից։
Տ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված իրենք արդեն իսկ պատրաստել են դիմում, որն ուղարկելու են ՍԴ. «Որպեսզի հարցն իրավական հարթությունից չտեղափոխվի քաղաքական հարթություն, մենք ասել ենք՝ սպասելու ենք Ռոբերտ Քոչարյանի գործով հարցը ՍԴ-ում քննարկվի վերջանա, որպեսզի մենք արդեն իրավական գործընթաց սկսենք: Մենք ժամանակային խնդիր չունենք»։
Տարոն Սիմոնյանը վստահեցրեց,եթե նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չկար, ապա հիմա կա, քանի որ նիստ տեղի չի ունենում:
Դիտարկմանը, որ եթե Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանն արձակուրդ գնացած չլինեին, ՍԴ նիստերը կկայանային, տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ կարծես նաև դա է պատճառը, բայց ես չեմ ուզում մատնանշել, թե ով է ճգնաժամ հարուցում, ես ուզում եմ փաստը մատնանշել, որ այսօր մենք որպես այդպիսին ՍԴ չունենք՝ այն իմաստով, որ նիստեր չեն գումարվում։
Անդրադառնալով ՍԴ նախկին երեք անդամների, ինչպես նաև ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ ուղարկած դիմումից, Տարոն Սիմոնյանը նշեց՝ գործն արդեն հասել է ՄԻԵԴ, արագացված ռեժիմով ՄԻԵԴ-ը գործը կոմունիկացրել և կառավարությունից տեսակետ է պահանջել։
«Եթե չեմ սխալվում, այդ տեսակետն արդեն ուղարկվել է, կամ նոր պետք է ուղարկվի: Հիմա պետք է հասկանանք, թե ինչ որոշում կընդունվի: Սա խնդրահարույց է, որովհետև եթե ՄԻԵԴ-ը որոշեց, որ այստեղ կոնվենցիոն խախտումներ կան և ֆինանսական պարտավորություններ առաջացրեց պետության համար, դա կնշանակի, որ մեկ քաղաքական ուժի պատճառով ստիպված ենք լինելու բյուջեի հաշվին, հարկատուի հաշվին գումար վճարել կոնկրետ անձանց»,- շեշտեց պատգամավորը։
Հարցին, որ ՍԴ նախկին անդամները խնդրել են միջանկյալ միջոցի կիրառում, արդյո՞ք միջանկյալ միջոցի կիրառումը կհանգեցնի նրան, որ սահմանադրական փոփոխությունները կասեցվեն, Տ. Սիմոնյանը պատասխանեց՝ ընդհանրապես միջանկյալ միջոցի կիրառումը նվազ պրակտիկա է ՄԻԵԴ-ում:
Նրա խոսքով, այն մեծամասամբ կիրառվում է կյանքի հետ կապված խնդիրների առնչությամբ, երբ որոշման հետաձգումը կարող է վնաս հասցնել մարդու առողջությանը.
«ՄԻԵԴ-ն ինքն է որոշելու այդ միջոցը կիրառի՞, թե՞՝ ոչ: Կան դեպքեր, երբ մարդու կյանքի հետ չկապված գործերով էլ է այդպիսի որոշում կայացվել։ Մենք ասել ենք, որ սահմանադրական այս փոփոխություններն ընթացակարգային առումով հակասահմանադրական են, և եթե դրա արդյունքում կոնվենցիայով պաշտպանված իրավունքներ են ոտնահարվել, բնականաբար, ՄԻԵԴ-ը դա կարձանագրի»։