Զոհված զինծառայողների ծնողներն ու ամուսինները կկարողանան բուհերում անվճար սովորել
«Առաջարկում ենք անվճար կրթության իրավունք տալ զոհված զինծառայողներիի ամուսիններին և ծնողներին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, օրենքի գործող կարգավորմամբ նախատեսվում է, որ առաջին և երկրորդ կարգի զինհաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև զոհված զինծառայողի՝ մինչև 27 տարեկան երեխաների համար պետությունը պետք է վճարի ուսման վարձը։
«Այսօր եթե զոհվածի ծնողը կամ ամուսինը ցանկանում է սովորել, դժվարություն է ունենում։ Մենք առաջարկել ենք, որ նաև զոհված զինծառայողների քույրերն ու եղբայրները հնարավորություն ունենան անվճար սովորելու, բայց քանի որ բուհերից չկարողացանք ամբողջական տեղեկություն ստանալ, թե քանի նման ուսանող կա այս պահին, կառավարության առաջարկով այս բաղադրիչը դուրս ենք բերել։ Մեզ տրամադրեցին 12 հոգու տվյալ՝ հինգ հոգին զոհվածի այրի և ծնող էին, իսկ մնացած 7-ը՝ հենց քույր և եղբայրներ»,- նշեց պատգամավորը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, դիմելով Սոֆյա Հովսեփյանին, հույս հայտնեց, որ ծրագրում նաև կներառվեն զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան քույրերն ու եղբայրները։
Արձագանքելով՝ Ս. Հովսեփյանը նշեց, որ առաջնահերթությունը տրվել է զոհված զինծառայողների ծնողներին, քանի որ նրանք որդիների մահից հետո մեկուսանում են, իսկ սա հնարավորություն է, որպեսզի նրանք իրենց կյանքը վերարժևորեն։
«Սա շատ կարևոր քայլ է, ըստ իս։ Իսկ մինչև սեպտեմբեր ամիսը գրավոր հարցումներով ես կճշտեմ՝ քանի զոհված զինծառայողի քույր և եղբայր է սովորում հայկական բուհերում, որպեզի մինչև մյուս տարի օրենքը լրամշակվի։ Կարծում եմ՝ 2021 թվականին զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան քույրերն ու եղբայրները ևս կներառվեն ծրագրում»,- պատասխանեց Սոֆյա Հովսեփյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան