Մահացել է վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը
Այսօր 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Վլադիմիր Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը 16:00-20:00-ին «Ադանա» սգո սրահում /Բագրևանդ 17, 6/2/: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 10-ին, ժամը 14:00-ին` նույն հասցեից:
Վլադիմիր Աբրահամյանը ծնվել է 1941 թվականին Կոտայքի մարզի Բջնի գյուղում: 1966 թվականին ավարտել է Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:
1973-1976 թվականներին որպես դասախոս աշխատել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1980-1991 թվականներին աշխատել է Հեռուստառադիոպետկոմի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում` բեմադրող նկարիչ: 1993-1995 թվականներին՝ ՆԳ «02» շաբաթաթերթում՝ գեղարվեստական խմբագիր: 1995-1999 թվականներին գեղարվեստական խմբագիր է աշխատել «Արևիկ» հրատարակչությունում: 1999-2014 թվականներին Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում` դասախոս: 2015 թվականից դասավանդում է Աբովյանի պետական քոլեջում: 1975 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
Վլադիմիր Աբրահամյանը 1972 թվականից մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների. Տյումենի երկրամաս (1975 թ.), Բուրիաթիա (1976 թ.), Արխանգելսկի երկրամաս (1979 թ.), Շվեդիա, Լեհաստան (1983 թ.), ԱՄՆ (1986 թ.), Ֆրանսիա (1991 թ.), Չինաստանում բացվել է առաջին անհատական ցուցահանդեսը (2005 թ․), Երևանում՝ երկրորդ անհատական ցուցահանդեսը (2011 թ․), Երևանում՝ երրորդ անհատական ցուցահանդեսը (2017 թ.), Երևանում՝ չորրոդ անհատական ցուցահանդեսը (2019 թ.):
Վ. Աբրահամյանը 2005 թվականին պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով, 2009 թվականին՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով, 2011 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրով: 2013 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:
2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության մասնակի ֆինանսավորմամբ տպագրվել է Վլադիմիր Աբրահամյանի «Հուշապատում» պատկերագիրքը, որտեղ տեղ են գտել նկարչի տարբեր տարիներին վրձնած գործեր։ «Հուշապատումը» ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների առաջին ընդգրկուն պատկերագիրքն է՝ նվիրված 1949 թվականին բռնադատված (1991 թ.-ին արդարացված) հոր՝ Սմբատ Աբրահամյանի և 6 երախաներին միայնակ մեծացրած մոր՝ Սիրանույշ Աբրահամյանի հիշատակին։
Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան):
Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա