Կառավարությունը թույլատրեց չկիրառել գնումների գործընթացը կարգավորող օրենքի պահանջները
Ներկայացնելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին կառավարության որոշումը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է «Մասրիկ 1» արևային ենթակայանի կառուցման փաստով: Ըստ նախարարի, կառավարությունը որոշակի պարտավորություններ ունի վերջինիս նկատմամբ, մասնավորապես՝ նախատեսված է, որ արտադրված էլեկտրաէներգիան պետք է ընդունվի «Լիճք» կայանի միջոցով, որը սակայն այն չի կարող անել, քանի որ շահագործվում է 1961 թվականից և վերանորոգման կարիք կա:
Նախարարը տեղեկացրեց, որ «Մասրիկ 1»-ն արդեն սկսել է շինարարությունը և պետք է արագացվի «Լիճք»-ի նորոգումը: Սուրեն Պապիկյանը նկատեց, որ վերջինիս նորոգումն իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի սեփական միջոցներով, այն դեպքում, երբ նախկինում բոլոր նման աշխատանքներն արվում էին վարկային միջոցներով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հավաստիացրեց, որ այդ աշխատանքները կազմակերպելու համար դիմել են մի քանի կազմակերպությունների, բայց արձագանքել է միայն «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ն և նախնական գնառաջարկը եղել էր 9.9 մլն ԱՄՆ դոլար:
Արդյունքում՝ նախագծով առաջարկվեց և կառավարության կողմից հաստատվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ՝ «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Կասկադ-էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 8 857 600 ԱՄՆ դոլար արժեքով պայմանագրի կնքումը Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան մեկ անձից գնում կատարելու ընթացակարգի կիրառման դեպքում չկատարել կարգի մի շարք պահանջները:
Մասնավորապես կառավարությունը թույլատրեց չկիրառել հնարավոր առնվազն երեք մասնակցին հրավեր ուղարկելու, զուգահեռ հրավերը էլեկտրոնային տեղեկագրում տեղադրելու և գնման ընթացակագը էլեկրոնային եղանակավ կազմակերպելու, ինչպես նաև մինչև կանխավճարի ամբողջական մարումը պայմանագրի կողմին վճարումներ չկատարելու պահանջները:
Հարցի Զեկուցումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փարձեցին հիմավորել, թե ինչու չի կատարվելու օրենքի պահանջները: Միակ հիմնավորում այն էր, որ մրցույթին մասնակցելու անհրաժեշտ քանակով՝ 3 հայտ չի եղել, իսկ նորոգման աշխատանքները հրատապ են: